Զապորոժիեի շրջանի հարավում գտնվող Բերդյանսկում հունիսի 24-ին երկու անչափահաս է սպանվել։ Տեղեկությունը հաստատել են օկուպացիոն իշխանությունները և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը և ռուսական այլ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ «ավտոմատ զենքերով զինված երկու տղաներ կրակ են բացել», երկու մարդ վիրավորվել է։ Դեպքի վայր ժամանած ՆԳՆ և Ռազմական ոստիկանության աշխատակիցները «ազատել են լողափը հանգստացողներից և վնասազերծել կրակողներին»։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի օկուպացիոն ռազմաքաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ «վերացվել են երկու ուկրաինամետ ահաբեկիչներ»։ Նա պնդում է, որ ժամը 19-ին երկու «գրոհայիններ» կրակ են բացել քաղաքի լողափի մոտ, սակայն ուժայինների գործողությունների արդյունքում «ահաբեկիչներն արգելափակվել ու ոչնչացվել են»։
Ռոգովը չի նշել սպանվածների տարիքը, սակայն ասել է, որ նրանցից մեկը Տիգրան Հովհաննիսյանն է, ով ավելի վաղ բերման էր ենթարկվել «հակառուսական գործունեության համար»։ Նախկինում համացանցում տեղադրվել էր տեսանյութ, որտեղ երևում է Հովհաննիսյանը։ «Հաստատ երկուսը, վերջ, սա մահ է, տղերք, ցտեսություն, փառք Ուկրաինային», - հայտարարում է դեռահասը տեսանյութում և ցույց տալիս զենքը։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ մահացածները Տիգրան Հովհաննիսյանն ու Նիկիտա Խանգանովն են՝ ծնված 2006 թվականին:
«Հունիսի 24-ին 2006 թվականին ծնված երկու տղաներ՝ Տիգրան Հովհաննիսյանը և Նիկիտա Խանգանովը, մարտի են մտել զավթիչների հետ: Ինչպես գիտեք, նրանք ոչնչացրել են Ռուսաստանի Դաշնության զինվորականի և ոստիկանության մեկ աշխատակցի: Փոխհրաձգությունից հետո զավթիչները հայտարարեցին տղաների «լիկվիդացիայի» մասին»,- ասել է նա։
Լուբինեցի խոսքով՝ ավելի վաղ այդ դեռահասներն ու նրանց ընտանիքները հալածանքների են ենթարկվել։ «Այնուհետև նրանցից մեկին՝ Տիգրան Հովհաննիսյանին, առևանգել են իր տնից, նրան դաժանորեն հարցաքննել և խոշտանգել են էլեկտրական հոսանքի միջոցով», - նշել է ուկրաինացի խորհրդարանականը։