Այսօր առավոտյան մեկնարկել են ՀՅ Դաշնակցության բողոքի ակցիաները՝ SOS Artsakh խորագրով:
Մեկնարկել է նստացույցը մասնավորապես Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիները տարբեր պաստառներով եկել են նաև Ռուսաստանին կոչ անելու քայլեր ձեռնարկել՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, Արցախի շրջափակումը վերացնելու համար:
Ընդդիմադիրներն այս ակցիաներով փորձում են միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ կենտրոնացնել Արցախի ապօրինի շրջափակման վրա: Արդեն շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակման մեջ է, հունիսի 15-ից էլ՝ ամբողջությամբ, միայն կիրակի օրը Կարմիր Խաչի մեքենաների համար վերականգնվեց երթևեկությունը: Հումանիտար բեռներ արդեն 13 օր է ինչ Արցախ չեն մտնում, տեղում արդեն լուրջ խնդիրներ կան սննդի հետ կապված՝ բացակայում են մի շարք կարևոր սննդատեսակներ, դեղորայք:
Ընդդիմադիրները միաժամանակ 24-ժամյա ակցիաներ են սկսել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների, Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց: