Ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական բնակավայրում՝ Զապորոժիեի շրջանի Բերդյանսկում սպանված ուկրիանահայ անչափահաս Տիգրան Հովհաննիսյանի քույրը հրաժարվեց խոսել տեղի ունեցածի մասին: Նրա խոսքով՝ ինչ էլ ասի, այլևս Տիգրանին հետ չի բերի։
Երկու օր առաջ Զապորոժիեի իշխանությունները հայտնեցին, որ Բերդյանսկում երկու «ուկրաինամետ ահաբեկիչների» են ոչնչացրել, ավելի ուշ Ուկրաինայի օմբուդսմենը հայտարարեց, որ խոսքը անչափահասներ Տիգրան Հովհաննիսյանի ու Նիկիտա Խանգանովի մասին է։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարը հավելել էր, որ 2006-ին ծնված երկու տղաները «մարտնչել են զավթիչների դեմ ու սպանվել այդ ընթացքում»։
Ռուսական լրատվամիջոցները կատարվածի այլ պատում ունեին, գրեցին, թե Բերդյանսկում զինված անձինք կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, երկու բնակիչ վիրավորվել է, ապա ժամանել է ռազմական ոստիկանությունը և վնասազերծել կրակողներին։
Մինչդեռ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը տղաների մահից հետո պատմել է, որ «ավելի վաղ դեռահասներն ու նրանց ընտանիքները հալածանքների են ենթարկվել, իսկ Տիգրանին առևանգել էին սեփական տնից, հարցաքննել ու խոշտանգել»։
Մեկ շաբաթ առաջ, երբ Տիգրանը դեռ ողջ էր, «Ազատությունը» անդրադարձել էր նրա պատմությանը ու տեղեկացրել, որ տղայի հարազատներն ահազանգում են՝ Բերդյանսկի անչափահաս բնակչին ռուսները կտտանքների են ենթարկել ու մեղադրել «դիվերսիա նախապատրաստելու» մեջ, հարուցված քրեական գործով պատանուն սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում։
Տիգրանի՝ Հայաստանում բնակվող քույրը պատմել էր, որ Նիկիտա Խանխանովը նրա դասընկերն է և փաստորեն ռուսաստանցի իրավապահները եղբորն ու դասընկերոջն էին մեղադրում ահաբեկչություն նախապատաստելու մեջ։ Քույրը պատմել էր, որ պատանին ճնշումների տակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել, հարցաքննությանը ներկա չէր եղել տղայի փաստաբանը։ Մի քանի օր հետո Տիգրանին ազատ էին արձակել, սակայն առանց քաղաքից բացակայելու հնարավորության։
Տիգրանը բնակվում էր տարեց տատիկի հետ, իսկ ծնողները ավելի վաղ հեռացել էին Ուկրաինայից, նրա հայազգի հայրը ծանր առողջական վիճակում բուժվում է Եվրոպայում։
Անչափահասներ Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանխանովի նկատմամբ խոշտանգումներ և հետապնդումների հարցը հասել էր Եվրախորհրդարան, որտեղ բանաձև էր ընդունվել՝ պահանջով դադարեցնել ուկրաինացի դեռահասների նկատմամբ հետապնդումը։
Տիգրանի մյուս ազգականը՝ Ֆրանսիայում բնակվող Էրիկ Թազայանը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ տղայի դեմ քրեական գործը վերաբացվել էր հավանաբար այն պատճառով ,որ Ուկրաինայում ծնված ու մեծացած պատանին դեմ էր արտահայտվել պատերազմին։
Այսօր էրիկ Թազայանը հրաժարվեց հարցազրույց տալ, միայն ասաց, որ իր կարծիքով Տիգրանը մահացել է հերոսի պես, իսկ ռուսական լրատամիջոցները բացահայտ ստում են կատարվածի մանրամասների մասին։