Մատչելիության հղումներ

Ուկրաինայի քաղաքացի հայազգի պատանուն և իր ընկերոջը Բերդյանսկի ռուսական իշխանությունները մեղադրում են դիվերսիա նախապատրաստելու մեջ


Ուկրաինայի քաղաքացի, 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանի հարազատներն ահազանգում են՝ օկուպացված Բերդյանսկի անչափահաս բնակչին ռուսները կտտանքների են ենթարկել ու մեղադրել «դիվերսիա նախապատրաստելու» մեջ։ Պատանուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Տղայի քույրը՝ Թագուհի Հովսեփյանը, Երևանում է ապրում։ Թագուհին պատմեց՝ ռուսաստանցի իրավապահները եղբորն ու նրա դասընկերոջը՝ Նիկիտա Խանխանովին մեղադրում են, թե փորձել են Մելիտոպոլի երկաթգծում կանխել ռուսական զորքի ապրանքների մատակարարումը։ Քրոջ փոխանցմամբ, անչափահաս եղբայրը ճնշումների տակ է ինքնախոստովանական ցուցմունք գրել. - «Հարցաքննությունն անցկացվել են առանց չափահաս ներկայացուցչի, կորզել են ցուցմունքները բռնության ենթարկելով։ Իրենք փոխել են իրենց ցուցմունքները, բայց հաշվի չեն առնում։ Իրենք հետևանքները հասկացել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Կապի միջոցների սարքավորումներ են վնասել, կտրել են, որքանով տեղյակ եմ, վաճառելու նպատակով։ Երեք հարյուր դոլարի վնասի մասին է խոսքը, և դրա համար քսան տարի ազատազրկում է սպառնում»։

Հարազատների պնդմամբ՝ անազատության մեջ գտնվելու մի քանի օրերի ընթացքում պատանին բռնությունների է ենթարկվել։ Հիմա թեև ազատության մեջ է, բայց չի կարող հեռանալ ռուսների տիրապետության տակ անցած Բերդյանսկից։ Ծնողները հասցրել են արտերկիր փախչել, ինքը մնացել է տարեց տատիկի հետ։ Հիմա արդեն ցանկանում է միանալ ընտանիքին, բայց չի կարող։

Քույրը եղբոր հետ կապ չունի, բայց առողջկան ծանր խնդիրներ ունեցող հայրն է շփվում տղայի հետ։ Դժվարությամբ խոսող հայրը պատմել է, որ ռուս ուժայինները դաժան են վարել և' որդու, և' նրան խնամող տատիկի հետ։ Տղան էլեկտրաշոկի է ենթարկվել։

«Բռնությամբ տուն են մտել, տատիին և տղային բռնության են ենթարկել», - ասաց Թագուհին։

Անչափահասներ Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանխանովի նկատմամբ խոշտանգումներ և հետապնդումների հարցը հասել է Եվրախորհրդարան։ Օրերս բանաձև է ընդունվել, որով պատգամավորները ՌԴ-ից պահանջել են դադարեցնել ուկրաինացի դեռահասներին հետապնդելը։

«Ռուսների կողմից օկուպացված Բերդյանսկում երկու անչափահասները՝ Տիգրանը և Նիկիտան, ձերբակալվել, հարցաքննվել ու կտտանքի են ենթարկվել, որպեսզի նրանցից խոստովանություն կորզեն ռուսական ուժերի նկատմամբ ենթադրյալ սաբոտաժի կասկածանքով։ Հիմա կալանավորման և մինչև քսան տարվա ազատազրկման վտանգ կա։ Երկու անչափահասների ու կտտանքի ենթարկված այլ անձանց ճակատագիրը կարևոր է բոլորիս համար։ Աջակցելով Ուկրաինային ազատագրել օկուպացված տարածքները՝ մենք կօգնենք վերացնել անպատժելիության ու միայնության մթնոլորտը, որը թույլ է տալիս ռուս օկուպանտներին կիրառել բարոյական, հոգեբանական և ֆիզիկական ճնշում անչափահասների նկատմամբ»։

Պատերազմական Ուկրաինայից Ֆրանսիա տեղափոխված անչափահաս Տիգրանի մյուս հարազատը՝ Էրիկ Թազայանն ասում է,որ այդ քրեական գործը նոր չէ։ Էրիկի կարծիքով, ռուս իրավապահները որոշել են վերաբացել, որովհետև գուցե Տիգրանը դեմ է արտահայտվել պատերազմին. - «Ինձ թվում ա, որ ինքը սուս չի մնացել, կարա մի բան ասի Ուկրաինայի կոմից, որովհետև ինքը էնտեղ ա, չէ՞, ծնվել-մեծացել։ Ու հիմի համարյա 17 տարեկան տղա ա, նոր էդ գործը բացում են ու ուզում են խոդի տան։ Ես չեմ կարա ասեմ ինչ մատիվներով են իրանք վաբշի աշխատում։ Ոնց ա ոստիկանությունը ակուպիրովաննի տերիտորիայի վրա աշխատում կռվի վախտ, սաղ պըտի պատկերացնեն»։

Տիգրանի հարազատներն «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին ռուսների նշանակած հանրային պաշտպանից։ Ռուսների կողմից անչափահասների նկատմամբ խոշտանգումների ու հետապնդումների մասին էլի հաղորդումներ ու ահազանգեր կան։ Ռուսաստանյան լրատվամիջոցներում ոչինչ չգտանք Տիգրանի ու Նիկիտայի հետ տեղի ունեցածի մասին։

XS
SM
MD
LG