Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգին հորդորում են ևս մեկ ժամկետ աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.

ՆԱՏՕ-ի երկրները Յենս Ստոլտենբերգին հորդորում են ևս մեկ ժամկետ աշխատել գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ նոր թեկնածուի հարցում կոնսենսուս չի ձևավորվել: Այդ մասին, հղում անելով իր անանուն աղբյուրին, հաղորդում է The Washington Post ամերիկյան պարբերականը:

Ենթադրվում էր, որ ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովում կհաստատեն նոր գլխավոր քարտուղարին: Ինքը Ստոլտենբերգը մի քանի առիթներով նշել է, որ առանց այն էլ երկար է զբաղեցնում պաշտոնը և ցանկանում է այս տարվա աշնանն այն ազատել:

Ավելի վաղ գլխավոր քարտուղարի թեկնածուների ցանկում նշել են Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի անունները:

Այս շաբաթասկզբին Յենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում զրուցել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ:

Ըստ The Washington Post-ի, Բայդենը Ստոլտենբերգին ասել է, որ վիլնյուսյան գագաթնաժողովում դաշնակիցները շրջանում գլխավոր քարտուղարի հարցում հավանաբար փոխհամաձայնություն չի լինի, և նկատել է տվել, որ ուրախ կլինի, եթե նա համաձայնի շարունակել աշխատանքը:

Ստոլտենբերգը նախկինում զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է աշխատում 2014 թվականից: Նրա թեկնածությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր առաջադրել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոփոխությունը պետք է տեղի ունենար դեռ անցյալ տարի, սակայն հետաձգվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի հետևանքով:

XS
SM
MD
LG