Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, որոնց համաձայն Լաչինում անցակետի տեղադրումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի։
«Մենք վճռականորեն մերժում ենք Հայաստանի վարչապետի աբսուրդային հայտարարությունները», - նշում է Ադրբեջանի ԱԳՆ՝ հավելելով, թե «հունիսի 15-ին ադրբեջանցի սահմանապահների դեմ իրականացված սադրանքի նպատակը անցակետի բնականոն աշխատանքի խափանումն էր»։
«Մենք պահանջում ենք, որ Հայաստանը զերծ մնա սադրանքներից, պատասխանատու և կառուցողական կերպով մոտենա խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
Փաշինյանն այսօր կառավարության նիստում, մասնավորապես, հայտարարեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը՝ նկատելով՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի:
Գործադիրի ղեկավարը միևնույն ժամանակ շեշտեց․ - «Որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական»: