Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Պուտինին և Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին, նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Վլադիմիր Պուտինին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Պուտինին Փաշինյանի հղած ուղերձում մասնավորապես ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին:

Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա»:

Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնում, որ երկու երկրները, «հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»։

Միխայիլ Միշուստինին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. - «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով»:

Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահին հղած ուղերձում մասնավորապես գրել է. - «Հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»:

Վահագն Խաչատուրյանն այսօր նաև այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն և Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի ժողովրդին, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG