Ստամբուլի Քեմալ Աթաթուրքի անվան մարզադաշտում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անգլիական Manchester City-ն հունիսի 10-ին 1-0 հաշվով առավելության հասավ իտալական Inter ակումբի նկատմամբ:
Խաղի միակ գոլը 68-րդ րոպեին խփեց անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնի իսպանացի հարձակվող Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես Կասկանտե):
Այսպիսով Manchester City թիմը 2022-23 մրցաշրջանում նվաճեց երեք մրցանակ՝ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, արժանացավ Անգլիայի գավաթին և վաստակեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, նվաճում, որն Անգլիայում անվանում են «treble»՝ «եռակի»:
Դա Manchester City-ի պատմության ընթացքում առաջին հաղթանակն է Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:
Հայաստանի հավաքականի նախկին լիդեր, Միլանի Inter ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղի ավարտին դուրս եկավ դաշտ:
Գավաթը որպես Manchester City-ի ավագ` ստացավ Գերմանիայի հավաքականի խաղացող Իլկայ Գյունդոգանն, ով տարիներ առաջ Մխիթարյանի հետ միասին խաղացել է Դորթմունդի Borussia թիմում:
Խաղից առաջ վերլուծաբանների մեծ մասը կանխատեսել էր անգլիական ակումբի հաղթանակը:
Այնուամենայնիվ պայքարը շատ լարված էր, և իտալական թիմի ֆուտբոլիստներից, մասնավորապես, Ռոմելու Լուկակուն, կարող էր առնվազն հավասարեցնել հաշիվը:
«Ահավոր հոգնած եմ, չեմ կարող մտածել հաջորդ մրցաշրջանի մասին, քամված եմ, մեզ ընդմիջում է պետք, բայց հիմա էլ խաղացողներս պետք է մասնակցեն հավաքականներում միջազգային խաղերին, ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պարտավոր են մտածել դրա մասին»,- խաղից հետո ասել է անգլիական թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան:
2008-2009 և 2010-2011 մրցաշրջաններում նրա ղեկավարած Barcelona-ն երկու անգամ վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Հունիսի 10-ին ֆանտաստիկ խաղ է ցույց տվել անգլիական ակումբի բրազիլացի դարպասապահ Էդերսոնը (Էդերսոն Սանտանա դե Մորաես), որոշ դրվագներում էլ բախտը ժպտացել է City-ին:
Պրեմիեր լիգայում մեկ էլ City-ի հավերժ մրցակից Մանչեսթերի United թիմն է 1999 թվականին «treble»-ի հասել:
Ի դեպ, Մանչեսթերը դարձավ եվրոպական երկրորդ քաղաքը, որը ներկայացնող երկու ակումբներ նվաճել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նման ռեկորդ ունի նաև իտալական Միլանը, որի AC Milan և Inter ակումբները ժամանակին հաղթել են այդ մրցաշարում: