Մատչելիության հղումներ

Մխիթարյանի «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ


Իտալական «Ինտեր»-ը, որի առաջատար խաղացողներից է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ:

Երեքշաբթի օրը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Ինտեր»-ը 1:0 հաշվով առավելության հասավ իտալական նույն քաղաքի մյուս ակումբի՝ «Միլան»-ի նկատմամբ. միակ գոլի հեղինակը դարձավ արգենտինացի Լաոտարո Մարտինեսը՝ 74-րդ րոպեին: Մխիթարյանն առաջին խաղակեսի վերջում վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը ևս ավարտվել էր «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2:0 հաշվով, այս խաղում երկրորդ գոլի հեղինակը Մխիթարյանն էր:

Եզրափակիչում «Ինտեր»-ի մրցակիցը կլինի կիսաեզրափակիչի «Մանչեսթր Սիթի» - «Ռեալ» (Մադրիդ) զույգի հաղթողը, որը հայտնի կդառնա Մանչեսթրում այսօր ուշ երեկոյան կայանալիք հանդիպման արդյունքում: Առաջին խաղը Մադրիդում ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում:

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով կխաղա ֆուտբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում: Նա արդեն հաղթել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարում՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի, և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում՝ իտալական «Ռոմա»-ի կազմում:

XS
SM
MD
LG