Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ և հետխորհրդային երկրներից 7-րդ ֆուտբոլիստը, որը կմասնակցի ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպմանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Այսօր երեկոյան Ստամբուլում կկայանա «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչը, որի հաղթողն էլ կնվաճի եվրոպայի՝ այս տարվա ուժեղագույն ակումբի տիտղոսը։

Հայ ֆուտբոլասերներն արձանագրում են՝ իր հաջողություններով Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության նոր էջն է գրում։ Այդուհանդերձ, Մխիթարյանի մասնակցությունը հանդիպմանը խաղի առաջին րոպեներից հարցականի տակ է։ Անցած ամիս ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և վերջին շաբաթներին լիարժեք մարզումներ չէր անցկացնում։ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչը երեկ պարզաբանեց՝ միայն խաղին ընդառաջ կհասկանան՝ արդյոք Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ է խաղին, թե՝ ոչ։

Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը եզրափակիչը հենց Ստամբուլից է լուսաբանելու։ Նա հետևել է «Ինտեր»-ի մարզումներին, ասում է՝ իր տպավորությամբ Մխիթարյանը պահեստայինների շարքում կլինի:

«Երբ 7-ը 7-ի դիմաց խաղում էին, նա 3-րդ յոթնյակում էր, որտեղ որքան ես եմ հիշում, ընդգրկված էին ֆուտբոլիստներ, որոնք փոխարինման կարգի ֆուտբոլիստներ էին, և նա այդ երկու հիմնական յոթնյակների մեջ չէր», - ասաց Ղազարյանը:

Լրագրողի կարծիքով, սակայն, Մխիթարյանն, այնուամենայնիվ խաղաժամանակ կստանա։ Ստամբուլում հիանալի ֆուտբոլային մթնոլորտ է, պատմում է Ղազարյանը՝ ամեն ինչ լավ է կազմակերպված:

«Երևի թե քաղաքի ամենախոշոր հանգստյան գոտիներից մեկը տրամադրված է Չեմպիոնների լիգայի ֆեստիվալին, և այստեղ համաեվրոպական տոն է, որտեղ տասնյակ հազարավոր երկրպագուներ են հավաքվել», - նշեց նա:

Քննարկո՞ւմ են արդյոք Մխիթարյանին Թուրքիայում և ինչպե՞ս են վերաբերվում։ Լրագրողն ասում է՝ ի տարբերություն Ադրբեջանի Թուրքիայում չեն խուսափում տալ Մխիթարյանի անունը և խոսել նրա մասին:

Միլանի «Ինտերը» Հայաստանում էլ մեծաթիվ երկրպագուներ ունի, նրանք սիրելի ակումբի հանդիպումները միասին են դիտում։

«Այսօրվա խաղում էլ մեծ հույսեր ունենք հաղթելու և որ Մխիթարյանն էլ իրեն շատ լավ կդրսևորի», - ասաց երկրպագուներից մեկը:

Մարտին Թորոսյանը պատմում է՝ անչափ ուրախացել էին, երբ իմացան, որ հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի գույներն է պաշտպանելու. - «Գտավ իր տեղը, շատերը կարծում էին, թե ինքը կնստեր պահեստայինների նստարանին, այնուամենայնիվ, ինքը հիմնական կազմում տեղ զբաղեցրեց ու կարողացավ իրեն շատ լավ դրսևորել»:

Ավելի քան քսան տարի «Ինտեր»-ին երկրպագող Արսեն Հակոբյանն էլ թիմից ու անձամբ Մխիթարյանից առավելագույնն է սպասում. - «Օրինակ՝ կիսաեզրափակիչի խաղերը, որ տեղի ունեցավ «Միլան» ակումբի հետ, անցավ շատ լավ ու դիտարժան մթնոլորտում և մեր հաղթանակով երեք անպատասխան գնդակ երկու խաղի ընթացքում ուղարկեցինք «Միլանի» դարպասը և հատկապես այն պահը, որբ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, այդ պահերն անկրկնելի էին մեր համար»:

Մխիթարյանն անցած տարվա մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին, իսկ ամիսներ առաջ վերահաստատեց որոշումը

XS
SM
MD
LG