Մատչելիության հղումներ

Փաշինյանի քայլին հետևեց Ադրբեջանի ավելի ագրեսիվ կեցվածքը. Լևոն Զուրաբյան


«Նիկոլ Փաշինյանը գնաց և ճանաչեց տարածքային ամբողջականությունը, իր հաշվարկը հետևյալն էր, որ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում՝ նա նաև կկարողանա ստանալ ինչ-որ դա հավասարակշռող էլեմենտներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Սակայն, ըստ նրա՝ սա դիվանագիտության մեջ չտեսնված մի տեխնոլոգիա է, որը կիրառում է Փաշինյանը։

«Սա նորից ցույց է տալիս, որ սխալվում է, որովհետև հետևանքները մենք տեսնում ենք մեր աչքերով», - նկատեց նա։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Լևոն Զուրաբյան. - Նիկոլ Փաշինյանը գնաց և ճանաչեց տարածքային ամբողջականությունը, իր հաշվարկը հետևյալն էր, որ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում՝ նա նաև կկարողանա ստանալ ինչ-որ դա հավասարակշռող էլեմենտներ, օրինակ՝ միջազգային վերահսկողությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության այդ ինստիտուցիոնալ կազմակերպումը կամ բլոկադաների հանումը, այսինքն, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, գործով ապացուցի, որ ինքը ինչ-որ անվտանգության երաշխիքներ է տալիս այն բնակչությանը, որ հիմա հակառակն է անում։

Այդ ամեն ինչը պիտի լիներ փաթեթով։ Հիմա Դուք պատկերացրեք, որ մենք պետք է գնանք իրար ընդառաջ, ինչ-որ փաթեթով ինչ-որ լուծումների գանք, ես Ձեր ամենամեծ պահանջը կատարում եմ, առանց որևէ բանի, հետո սպասում եմ, որ քանի որ ես այս ինչ բանը կատարեցի, դա շատ դրական, կոնստրուկտիվ իմիջ կձևավորի իմ շուրջ, և դրա հետևանքով միջազգային հանրությունը, Արևմուտքը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա և Ադրբեջանին կպարտադրի անել այն, ինչ որ ինքն այդ փաթեթի մեջ պիտի որպես փոխադարձ փոխհատուցող քայլեր աներ։

Սա դիվանագիտության մեջ չտեսնված մի տեխնոլոգիա է, որը կիրառում է Փաշինյանը, և սա նորից ցույց է տալիս, որ սխալվում է, որովհետև հետևանքները մենք տեսնում ենք մեր աչքերով։ Տեսնում ենք, որ այդ քայլին ոչ թե հետևեց Ադրբեջանի դիրքորոշման փափկեցումը, այդ քայլին հետևեց ավելի ագրեսիվ կեցվածքը, այդ քայլին հետևեց КПП-ի տեղադրումը և շրջափակման, ըստ էության, խստացումը։ Այդ քայլին ի վերջո հետևեց Ալիևի խայտառակ հայտարարությունը, որտեղ ինքը որպես մեծ լավություն առաջարկում է, որ լավ, «եթե այդ սեպարատիստները Ղարաբաղի հանձնվեն, ոչ թե կներեն, կմտածեն ... մասին»։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, Հայաստանի 29 հազար 800-ի հարցը գոնե չլուծվեց, հանձնառություն չկա՞ արդեն, եթե կոնկրետ քառակուսի մետրերով Երևանը ճանաչում է Բաքվի տարածքային ամբողջականությունը։

Լևոն Զուրաբյան. - Դե հիմա նայեք, ո՞ւր է, որ լուծվել է։

«Ազատություն». - Շառլ Միշելը կանգնում, ասում է՝ Հայաստանը 29 հազար 800 է....

Լևոն Զուրաբյան. - Իսկ ադրբեջանական զորքերը կանգնած են Ջերմուկից 4 կիլոմետր հեռու, մինչդեռ սահմանը 12 կմ հեռու է։

«Ազատություն». - Ճիշտ եք, բայց սա հիմքը չէ՞ դրա, որ հետ են գնալու, երբ որ սկսվի դելիմիտացիան։

Լևոն Զուրաբյան. - Նման պայմանավորվածություն կա՞, նման խոսք կա՞։

«Ազատություն». - Շառլ Միշելի կողմից կա, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29.8 ու 86.6 մակերեսորով։

Լևոն Զուրաբյան. - Շատ լավ, նախ սկսենք այնտեղից, որ Ղարաբաղի հարցով ոչ մի ադեկվատ բան չի տրվում, բայց քանի որ Դուք հարցը տալիս եք... ես էլ ասում եմ՝ դրան ոչ մի քայլ չի հետևել, իսկապես Արևմուտքը շատ միանշանակ, և Միացյալ Նահանգները, և Ֆրանսիան, և Եվրոպական միությունը, և Բորելը, և Եվրապառլամենտի դեպուտատները արձանագրեցին այդ ագրեսիան, այդ իրավիճակը և պահանջեցին կամ հորդորեցին դուրս գալ տարածքներից, բայց այդ հայտարարությունները միլիմետրի փոփոխություն չեն կատարել Ադրբեջանի դիրքերում, այսինքն՝ ինչպես նրանք գրավել էին, այդպես էլ գրաված են։

Ավելին ասեմ՝ ես հիմա գալիս եմ Վարդենիսից, ... ամրանում են, այսինքն՝ ամրանում են, որ հետո հանձնե՞ն մեզ։

Կար շանս, այնուամենայնիվ, պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ինչ-որ խոսակցություն տանելու, առնվազն գոնե դրա առկախման միջոցով, բայց Հայաստանն ամեն ինչ արեց այդ խոսակցությունը փակելու համար։

«Ազատություն». - Այդ ինչպե՞ս, եթե նա Երևանում էլ էր հայտարարում, որ կողմ ենք ռուսական տարբերակին, գնում, Պուտինի ներկայությամբ էլ էր ասում։

Լևոն Զուրաբյան. - Փաշինյանը մի քայլ է առաջադրել՝ նա այդ 30 տարի տևած քաղաքականությունը մի կողմ է դրել և ասել է, որ ոչ, մենք ընդունում ենք ամբողջությամբ տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂԻՄ-ը, և սա արդեն, կներեք, ով ուզում է լինի՝ ռուսները, ամերիկացիները, նրանց ձեռքերը կապվեցին, որովհետև դու չես կարող առաջարկել մի լուծում, երբ այդ հարցի շուրջ արդեն կա կողմերի համաձայնություն։ Եվ, այո, ռուսները բավականին իրենց անհարմար վիճակի մեջ ընկան այդ հարցում, որովհետև այստեղ մեր շահերը ռուսների հետ համընկնում էին, այսինքն՝ Արցախի կարգավիճակի առկախման հարցում դա ռուսների համար շատ կարևոր նշանակություն ունեցող հարց է, որովհետև դա ապահովում էր իրենց խաղաղապահ ուժերի մնալու լեգիտիմությունն այդ տարածքում։

Այն կերպով, ինչպես ինքը հանձնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, եթե դա հաջողվի իրեն, մենք ստանալու ենք արտագաղթ, ըստ էության էթնիկ զտում։ Դեռ հարց է՝ ինչպես կլինի այդ էթնիկ զտումը՝ կազմակերպված դուրս գալ այնտեղից, թե ջարդերի, ռազմական ճնշումների արդյունքում և այլն։ Այս դեպքում ընդհանրապես պարզ չէ՝ իսկ մենք ինչից ենք եզրակացնում, որ եթե մենք այդքան զիջումներ, այդքան խղճացած, նվաստացած…. այսինքն՝ եթե գնացել ենք այդ նվաստացմանը, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը չմտածի, որ նաև մի հատ էլ նվաստացում լինի ասենք Զանգեզուրի գրավումը, եթե մենք ունենք պետություն, որը չի դիմադրում։

XS
SM
MD
LG