ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ առաջիկայում կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն Անկարայում քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը:
Օսլոյում (Նորվեգիա), զրուցելով լրագրողների հետ, Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիայի մայրաքաղաք նրա այցի ժամկետներն այս պահին համաձայնեցվում են:
«Մեր ուղերձը հստակ է՝ Շվեդիայի անդակամակցումը ՆԱՏՕ-ին կարևոր է ոչ միայն Շվեդիայի, այլև սկանդինավյան երկրների, Բալթյան շրջանի և ամբողջ ՆԱՏՕ-ի համար: Իհարկե, այն կարևոր է նաև Թուրքիայի և մյուս դաշնակիցների համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ այսօրվանից՝ հունիսի 1-ից, Շվեդիայում ուժի մեջ է մտել ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքը:
«Ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրամիության և մյուս երկրների տեսակետից Ստոկհոլմն այսօր ակտիվացնում է քայլերն ահաբեկչության ցանկացած դրսևորումների դեմ: Ես ողջունում եմ անցած ամսվա ընթացքում դաշնակիցների և Շվեդիայի ձեռնարկած միջոցներն, այդ թվում՝ Թուրքիայի հետ համագործակցությունն արագացնելու ջանքերը»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա համոզմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը մոտ ապագայում անպայման կվավերացվի: