Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ պետական պարտքի վերին թույլատրելի սահմանը՝ «առաստաղը» բարձրացնելու օրինագծին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 314 կոնգրեսական, դեմ՝ 117-ը, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը պետական պարտքի ներկայիս մակարդակը՝ 31,4 տրլն դոլար, բարձրացրել էր հունվարին։
Օրինագիծը ենթադրում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը պետական պարտքի վերին շեմի ժամանակավոր չեղարկում, ինչը նախագահ Ջո Բայդենին և օրենսդիրներին թույլ կտա այդ քաղաքական բարդ խնդրի լուծումը հետաձգել մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները:
Օրինագծով ենթադրվում է նաև առաջիկա երկու տարում պետական որոշ ծախսեր սահմանափակում, որոշ էներգետիկ ծրագրերի համար թույլտվությունների արձակման արագ ընթացակարգ, COVID-19 համավարակի ժամանակաշրջանում չծախսված միջոցների վերադարձ պետական բյուջե և «պարենային օգնություն» ստանալու կանոնների խստացում:
Հաստատվելուց հետո օրինագիծը Սենատ է ուղարվելու, որը պետք է ընդունի այն և ուղարկի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման։
Բայդենը Սենատին կոչ է արել հնարավորինս արագ վավերացնել օրինագիծը: Դրանից հետո այն կստորագրվի նախագահի կողմից և կմտնի ուժի մեջ: Նախագահը ենթադրում է, որ ստորագրվելիք օրինագիծն իր սեղանին կդրվի հունիսի 5-ին:
Մասնագետներն ավելի վաղ ընդգծում էին, որ եթե օրենսդիր մարմնի համաձայնությունը չլինի, Միացյալ Նահանգներին սպառնում է դեֆոլտ, որը կարող է անդրադառնալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։