Մատչելիության հղումներ

Ուկրաինական հակահարձակման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ուգլեդար-Մարյինկա պաշտպանական գծի առաջնագիծ։ Դոնեցկի մարզի այս երկու քաղաքներում թեժ մարտեր են արդեն մի քանի ամիս, ռուսները փորձում են գրավել Ուգլեդարն ու Մարյինկան, ուկրաինացիները դիմադրում են։

Ուկրաինական հայտարարված հակահարձակման նախապատրաստման աշխատանքները մոտենում են ավարտին։ Կիևն ունի հակահարձակումը սկսելու անհրաժեշտ նվազագույն քանակի զենք։ Հակահարձակումը կսկսվի մոտ ապագայում, հայտարարել է Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Միաժամանակ, նա նշել է, որ հակահարձակումը շարունակելու համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի «զենքի և զինամթերքի մեծ պաշար»։

Բելգորոդի մարզում իրականացվում է հակաահաբեկչական գործողություն

Երեկ պատերազմը ներթափանցել էր արդեն Ռուսաստանի տարածք։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում այսօր դեռ շարունակվում էր «Ռուսաստանի կամավորական կորպուսի» և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի զինվորականներից տարածքի ազատագրման գործողությունը, առավոտյան ասել էր մարզի նահանգապետը. - «Ռուսաստանի պաշտպանության նախարությունն ու ուժային կառույցները շարունակում են տարածքը դիվերսանտներից ազատելու օպերացիան։ Գրայվորոնսկի շրջանի բնակիչներին, որ ժամանակավորապես տարհանվել են, կոչ եմ անում չվերադառնան իրենց տներ»

Գլադկովի խոսքով, տարհանման ժամանակ մահացել է շրջանի բնակիչներից մեկը, իսկ մարտերի ընթացքում վիրավորվել 12 բնակիչ։ Երեկ մարզում հայտարարվել էր հակաահաբեկչական օպերացիա, իշխանությունները հայտնել են նաև մարզում անօդաչու սարքեր խոցելու մասին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը այսօր դժվարացել էր պատասխանել հարցին, թե ինչու է Բելգորոդի մարզում դիվերսանտներին հայտնաբերելու և վնասազերծելու գործընթանը մեկ օրից ավելի շարունակվում։ Դմիտրի Պեսկովը ասել է, թե հարցը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանն ու Անվտանգության դաշնային ծառայությանը։

Պեսկովի այս հայտարարությունից քիչ անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է. - «Հակաահաբեկչական գործողության ընթացքում ավիահարվածների, հրետանային կրակի և ակտիվ գործողությունների արդյունքում ազգային կազմավորումները շրջափակվել և ջախջախվել են»։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, սպանվել է Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի տարածք ներթափանցած յոթանասուն դիվերսանտ։

Ուկրաինայի տարածքից Բելգորոդի մարզ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին։ Առավոտյան Telegram ալիքներում սկսել են հաղորդագրություններ հայտնվել սահմանին բախումների մասին։ Պատասխանատվությունը ստանձնել են «Ռուսաստանի կամավորական կորպուսի» և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի ներկայացուցիչները: Ուկրաինայի կողմից կռվող այս կազմավորումները, ուկրաինական կողմի պնդմամբ, կազմված են Ռուսաստանի քաղաքացիներից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է, որ Բելգորոդի մարզում «անվտանգության գոտի» ստեղծելու գործողություն է իրականացվում։ Սա առաջին նման հայտարարությունն է։ Որպես կանոն, ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանում Ռուսաստանի տարածքում հրետակոծության կամ դիվերսիայի մասին պնդումները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին գրել է, որ Կիևը «հետաքրքրությամբ է հետևում» իրադարձություններին, բայց «ուղղակի առնչություն» դրանց հետ չունի։

Այս պատերազմում ագրեսորը Ռուսաստանն է. Պետդեպի խոսնակ

Ուկրաինայի դաշնակից Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ երեկոյան հայտարարել է, թե Վաշինգտոնը շատ հստակ հասկացրել է Կիևին, որ չի խրախուսում հարձակումները Ուկրաինայի սահմաններից դուրս, միաժամանակ շեշտելով . - «Բայց ես կարծում եմ, որ կարևոր է հիշեցնել աշխարհին՝ Ռուսաստանն է սկսել այս պատերազմը: Ուկրաինան իրավունք ունի որոշել, թե ինչպես է ցանկանում իրականացնել իր ռազմական գործողությունները։ Այս պատերազմում ագրեսորը Ռուսաստանն է»։

Ռուս-ուկրինական պատերազմը տևում է արդեն տասնհինգ ամիս, սակայն Կրեմլում մինչև օրս այն անվանում են հատուկ ռազմական օպերացիա։

«Մեզ հաճախ ասում են, թե Ռուսաստանը ինչ-որ պատերազմ է սկսել։ Ո՛չ։ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության օգնությամբ փորձում է կասեցնել մեր դեմ մղվող այս պատերազմը», - այսօր հայտարարել է նախագահ Պուտինը՝ կրկին ակնարկելով, թե Ուկրաինայի տարածքը Ռուսաստանի պատմական տարածքն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG