Հիրոսիմայում երեկ ավարտվեց Մեծ յոթնյակի եռօրյա գագաթնաժողովը, որին մասնակցեց նաև Ուկրաինայի նախագահը։ Հիմնական արդյունքներից է Արևմուտքի աջակցությունը Կիևին նաև F-16 կործանիչներ մատակարարելու միջոցով։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Վլադիմիր Զելենսկիից երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական կողմը F-16-եր ստանալու դեպքում դրանք չի օգտագործի ռուսական տարածքի դեմ: «Նա վստահեցրեց, որ իրենք նման ինքնաթիռներ չեն օգտագործի ռուսական տարածքի դեմ», - ասել է Բայդենը կիրակի օրը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահն այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վստահ է, որ Կիևին F-16-երը տրամադրելու ծրագրերը չեն հանգեցնի Ռուսաստանի և Արևմուտքի միջև կտրուկ էսկալացիայի։