Հունգարիան առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հետպատերազմական շինարարական աշխատանքներում օգնել Ադրբեջանին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։
«Հունգարիան մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և մենք սատարել ենք հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններին։ Հակամարտության ավարտից հետո մենք այժմ քննարկում ենք, թե ինչպես հունգարական կազմակերպությունները կարող են մասնակցել պատերազմի հետևանքով տուժած տարածքների վերակառուցմանը», - հայտարարել է Սիարտոն Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Սահիլ Բաբաևի հետ տեսակապից հետո։
Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում արված գրառման մեջ հունգարացի պաշտոնյան հայտնել է, որ ադրբեջանական կողմը ողջունել է այս նախաձեռնությունը, և հունգարական Արտահանման և ներկրման բանկը [EXIM bank] 100 միլիոն դոլարի վարկային ծրագիր է նախատեսել հունգարական այն ընկերությունների համար, որոնք կմասնակցեն վերականգնողական աշխատանքներին։
Հունգարիայի կառավարությունը նաև 250 հազար եվրոյի աջակցություն է առաջարկել Ադրբեջանին ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Սիարտոն ընդգծել է, որ ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման հնարավորության ստեղծմանը զուգահեռ հունգարական էներգետիկ կազմակերպությունը պայմանագրային կապեր է հաստատում Ադրբեջանի գազամատակարարի հետ։ Նա իրատեսական է անվանել արդեն մինչև 2025 թվականը ադրբեջանական գազի մուտքը Հունգարիա։
Հունգարական ընկերությունները վերջին շրջանում մեծացրել են իրենց ներկայությունն ադրբեջանական շուկայում, իսկ հունգարական Wizz Air-ը նախատեսում է արդեն մարտի վերջից վերսկսել Բուդապեշտի և Բաքվի միջև ուղիղ թռիչքները։
Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրեց 2012 թվականին, այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնվեց Ադրբեջանին։