Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի հարցով․ Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է՝ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ։ Մանրամասներ, սակայն, Լավրովը չի հայտնել։

«Խաղաղության պայմանագրի և մի շարք այդ կետերի շուրջ, որոնք այսօր քննարկվել են, հաջողվել է մոտեցնել կողմերի ընկալումները ընդհանուր տեսլականին»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթ նախատեսված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների գլխավորած խմբերի նիստը։

«Հույս ունենք, որ {նիստի} արդյունքներով կհասնենք դրական արդյունքի։ Կողմերն արդեն շատ-շատ մոտ են վերջնական պայմանավորվածությունների»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Բացի այդ, Լավրովը հայտնել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցով պայմանավորվածության մասին, որը նրա խոսքերով՝ տեղի կունենա առաջիկայում։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մոսկովյան հանդիպմանը հաստատել են՝ առանց սահմանազատման հարցերի, տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման ապահովման հայ-ադրբեջանական սահմաններին և Ղարաբաղում, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։

XS
SM
MD
LG