Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Բացի այդ, կկայանա հայ - ադրբեջանական առանձին հանդիպում՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները մանրամասն կքննարկեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը հայ - ադրբեջանական սահմանին, երկրների միջև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև հասարակության, փորձագետների և խորհրդարանականների շփումների նախապատրաստումը։
Զախարովան տեղեկացրել է, որ Լավրովը նախատեսում է նաև առանձին հանդիպումներ ունենալ իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որոնց ընթացքում «կարծիքների փոխանակում է սպասվում երկկողմ և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ»։
Առաջիկա բանակցություններին ուշադրությունն առավել մեծ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո, ով հայտարարեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Հավանաբար, նախարարները կսկսեն նախապատրաստել այդ հանդիպումը:
Վերջին օրերին հաճախակի են դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գնդակոծությունների մասին հաղորդագրությունները։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ այս սրացումն ընդգծում է երկխոսությունն ակտիվացնելու և հնարավորինս շուտ կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունների նախօրեին Ռուսաստանը հերթական անգամ գործընկերներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և իրավիճակի սրումից։