Մատչելիության հղումներ

Կիևից պնդում են՝ պատերազմի ավարտի հիմնական պայմաններից մեկը ապառազմականացված գոտու ստեղծումն է


Ուկրաինայի բանակային հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ պատերազմի ավարտի հիմնական պայմաններից մեկը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ առնվազն 100 կիլոմետր լայնությամբ։

«Սա է մեր նպատակը», - ասել է Բուդանովը «Իսլանդիա» ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով, որ անվտանգության գոտին պետք է ստեղծվի Ռուսաստանի տարածքում։

«Հարյուր կիլոմետրանոց հեռավորությունը օպտիմալ է, քանի որ այդ դեպքում սովորական միջոցներով հնարավոր չի լինի արդյունավետ հարվածներ հասցնել Ուկրաինային», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Բուդանովը պաշտպանության անհրաժեշտ միջոց է համարում նման գոտու ստեղծումը, քանի որ Ռուսաստանում քաղաքական մոդելը, նրա կարծիքով, դժվար թե փոխվի նույնիսկ Պուտինից հետո. կգա նոր բռնակալ՝ նոր հավակնություններով։ Նույն հարցազրույցում Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետն ասել է, որ ռուսական բանակի ուժերը սպառվել են․ թեև զինվորական անձնակազմը դեռ մեծ է, բայց ռազմական պատրաստության, տեխնիկայի և սպառազինության որակը չի համապատասխանում այսօրվա պահանջներին։

Ռուսական կողմը, չնայած այդ պնդումներին, շարունակում է մարտական գործողությունները և ամեն գիշեր ինտենսիվ հրթիռակոծում Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինական ուժերը հայտարարում են, թե արևմտյան ՀՕՊ համակարգերի շնորհիվ խոցում են ռուսական հրթիռները, այդ թվում՝ նախկինում անխոցելի համարվող «Կինժալը»: Ուկրաինայի նախագահը սրա համար շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին:

«18 հրթիռներից 18-ը խոցվել են, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներ, որոնցով ահաբեկչական պետությունն այդքան պարծենում էր։ Ես կրկին ու կրկին շնորհակալ եմ աշխարհի մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Կիևը պնդում է՝ ՀՕՊ համակարգը խոցում է գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը

Քանի մոտենում է Ուկրաինայի կողմից ակնկալվող հակահարձակման մեկնարկը, որի հստակ օրը ուկրաինական իշխանությունները գաղտնի են պահում, այդքան ավելի ուժգին և ինտենսիվ են դառնում ռուսական ռմբակոծությունները։ Այս գիշեր, մասնավորապես, հրթիռակոծվել է Նիկոլաև քաղաքը՝ մասամբ ավերվել է բնակելի շենք և ավտոսրահ: Մեկ մարդ վիրավորվել է:

Ռուսական կողմը պնդում է, թե հարվածել է զինամթերքի պահեստին:

Կիևը պնդում է, թե հակաօդային պաշտպանության համակարգը խոցում է գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Երեկ, սակայն, ռուսական կողմը հայտարարել էր, թե նախօրեին արձակած հրթիռներից մեկը հարվածել և ոչնչացրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգը:

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, սակայն, այսօր հակադարձել է, շեշտելով, Patriot համակարգը հնարավոր չէ ոչնչացնել «Կինժալ» հրթիռի հարվածով։ Իգնատի խոսքով՝ Patriot-ը կազմող բաղադրիչները բաժանված են որոշակի հեռավորությամբ, ուստի մեկ հրթիռը չի կարող ոչնչացնել հակաօդային պաշտպանության ողջ համակարգը։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը նաև հորդորել է «չանհանգստանալ Patriot-ի ճակատագրով»։

CNN-ի և Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Patriot-ը, ամենայն հավանականությամբ, միայն մասամբ վնասվել է, բայց չի ոչնչացվել:

Արևմտյան սպառազինությունը փոխել է այս պատերազմի ողջ ընթացքը, Կիևը, սակայն, հորդորում է դաշնակիցներին ավելի հեռուն գնալ և մատակարարել Ուկրաինային ժամանակակից կործանիչներ։ Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինայի արդեն երեք դաշնակից պետություններ պատրաստ են Կիևի համար կործանիչներ գնելու համար կոալիցիա ստեղծել։ Խոսքը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդներ մասին է։ Երբ կլինի կործանիչներ տրամադրելու մասին որոշում և երբ դրանք կհասնեն Ուկրաինա, հայտնի չէ:

Մարտերը Ուկրաինայի արևելքում շարունակվում են

Մինչ այդ մարտերը Ուկրաինայի արևելքում շարունակվում են։ Բախմուտի շուրջ ուկրաինական բանակն արդեն մի քանի օր է անցել է հակագրոհների և որոշակի հաջողությունների հասել, ինչը հաստատում է նաև ռուսական կողմը: Բախմուտում կռվող ուկրաինացի զինվորականները պատմում, թե արդեն սկսել են առաջ գնալ. - «Կամաց-կամաց առաջ ենք գնում, հակառակորդի ավելի շատ դիրք են զբաղեցնում, ավելի շատ տարածքներ զբաղեցնում․․. Հակառակորդի ուժերն արդեն սպառվում են»:

Արևմտյան հետախույզները, սակայն, հայտնում են, թե Բախմուտի ճակատ ռուսները նոր ուժեր են տեղափոխում։ Մինչ այդ Արևմուտքը մտադիր է էլ ավելի խորացնել Ռուսաստանի մեկուսացումն ու ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառել Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու հնարավորությունը:

«Երբեք մի ասա երբեք»,- Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է Բլինքենը՝ պատասխանելով սենատորների այն հարցին, թե արդյոք Պետդեպարտամենտը նախատեսում է ճանաչել Ռուսաստանի Դաշնությունը որպես ահաբեկչության հովանավոր:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այսօր Ռեյկյավիկում Եվրախորհրդի գագաթնաժողովում հայտարարեց Ուկրաինային հասցված «վնասի» միջազգային ռեգիստրի ստեղծման մասին։ Այդ ռեգիստրում նախատեսվում է մուտքագրել վնասի և փոխհատուցման պահանջների մասին տեղեկությունները։ Մակրոնի խոսքով՝ հավաքված փաստաթղթերը կօգնեն ենթարկել Մոսկվային ֆինանսական և քրեական պատասխանատվության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG