Մատչելիության հղումներ

Դմիտրի Պեսկով. «Պատերազմը քաղաքների ոչնչացում է, մենք դա չենք անում»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բոսնիայում հեռարձակվող ATV հեռուստակայանի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ «Ուկրաինայում իրականացվում է շատ բարդ օպերացիա, բայց մեկ տարվա ընթացքում իրականացվել են որոշ նպատակներ»:

Նա պնդել է, թե հակառակորդը գրոհների է ենթարկում Դոնեցկը և Ռուսաստանի այլ բնակավայրերը, հետևաբար, նրան սահմաններից բավականաչափ հեռացնելուն ուղղված գործողությունը կշարունակվի:

Կրեմլի խոսնակը նաև Ուկրաինայում ռուսական բանակի դանդաղ առաջխաղացման պատճառին է անդրադարձել:

«Ինչո՞ւ են դանդաղ գործում: Որովհետև ռուսները չեն պատերազմում, մենք չենք պատերազմում: Պատերազմը ենթակառուցվածքի և քաղաքների ամբողջական ոչնչացում է, մենք դա չենք անում»,- ասել է Պեսկովը:

Խոսնակը նաև անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հասցեագրված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խիստ քննադատությանը:

Գործարարը պնդել է, որ «Վագների» մարտիկները բավարար չափով զինամթերք չեն ստանում և վիրավորական բառապաշար կիրառելով՝ սպառնացել է դուրս հանել ջոկատները Բախմուտի շրջանից:

«Բախմուտի համար իսկապես շատ ծանր մարտեր են, ոչ մի անուն չտամ, անկախ ամեն բանից, այնտեղ բոլորը ռուսական ուժեր են, բոլորը նույն նպատակն են հետապնդում», - ասել է Պեսկովը:

XS
SM
MD
LG