Միացյալ Նահանգների վարչակազմը հայտարարել է այսօրվանից երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման պահանջի վերացման մասին։
ԱՄՆ-ը սկսեց երկիր մուտք գործող օտարերկրացիներից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստումների մասին վկայող փաստաթղթեր պահանջել 2021 թվականի նոյեմբերից: Ընդ որում, ընդունվում էին միայն ԱՄՆ բժշկական կարգավորող մարմնի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումների վկայականները։
Այս տարվա ապրիլին նախագահ Ջո Բայդենը չեղարկեց արտակարգ դրությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգներում սահմանվել էր 2020 թվականին: