Մատչելիության հղումներ

Մոսկվայում գումարվել է Սիրիայի հարցով չորս երկրների արտգործնախարարների ժողովը


Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադին և Մևլյութ Չավուշօղլուն, Մոսկվա, 10 մայիսի, 2023թ.
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադին և Մևլյութ Չավուշօղլուն, Մոսկվա, 10 մայիսի, 2023թ.

Լավրովն ընտրություններին ընդառաջ հաջողություն է մաղթել Թուրքիային

Մոսկվայում ժողով են գումարել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադը, Մևլյութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Օրակարգում Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն է, ահաբեկչության դեմ պայքարը և հայրենիք սիրիացի փախստականների անվտանգ վերադարձը:

Քառակողմ հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն առանձնազրույց են անցկացրել: Թուրք նախարարը նշել է Թվիթերում, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի, Կովկասի հարցերն, ինչպես նաև հացահատիկի գործարքի թեման:

Իսկ արդեն չորս նախարարների հանդիպման մեկնարկին՝ Սիրիայի խնդրին անդրադառնալուց առաջ, Լավրովը հատուկ ուղերձով դիմել է Չավուշօղլուին և Թուրքիային հաջողություն է մաղթել կիրակի օրը կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ:

«Օգտվելով առիթից՝ թուրք գործընկերներին մաղթում եմ հաջողությամբ անցկացնել համընդհանուր ընտրությունները, համոզված եմ, որ դրանք կլինեն ազնիվ, թափանցիկ և թուրք ժողովրդին կընձեռեն առանց դրսից որևէ միջամտության կամարտահայտության հնարավորություն»,- ասել է Լավրովը:

Նա Թուրքիան անվանել է «լավ բարեկամ և կարևոր գործընկեր և նշել է, որ Թուրքիայի միջազգային և տարածաշրջանային հեղինակությունը վերջին շրջանում շատ է բարձրացել: Նա ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է ընդարձակել ու զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:

Սերգեյ Լավրովն ասել է, թե մայիսի 12-ին Թուրքիան նշելու է հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

«Անկարան և Մոսկվան երկուսիս համար շատ դժվար այդ հեռավոր տարիներին աննախադեպ փոխադարձ աջակցություն են դրսևորել»,- ասել է Լավրովը:

Փախստականների վերադարձն առաջնահերթություն է

Անդրադառնալով բուն Սիրիայի հակամարտությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Մոսկվան, Դամասկոսը, Անկարան և Թեհրանն առաջնահերթ են համարում փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը մշտական բնակության վայրեր:

Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի 15-ին Եվրամիությունը գումարելու է Սիրիայի հարցով դոնորական հերթական համաժողովը:

Սիրիայի ներկայացուցիչներին չեն հրավիրելու, և հավաքվելիք գումարը, կամ առնվազն դրա առյուծի բաժինը կտրամադրվի փասխտականների ճամբարները պահելուն, ու այդպես ամեն ինչ կարվի, որ փախստականները հնարավորինս երկար ժամանակ չվերադառնան Սիրիա:

«Իսկ այստեղ գտնվող երկրների ներկայացուցիչների համար սիրիացի փախստականների անվտանգ վերադարձը, աջակցություն ստանալու նրանց իրավունքի պաշտպանությունը առանցքային սկզբունքներից մեկն է հանդիսանում»,- ասել է Լավրովը:

Մոսկվան՝ միջնորդ Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում

Անկարայի և Դամասկոսի բանակցությունները խիստ սրվել են 2011 թվականին, երբ սկսվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմը:

Ռուսաստանը սատարել է Բաշար ալ-Ասադի կառավարությանն, իսկ Թուրքիան՝ քրդերի հետ կապ չունեցող ընդդիմությանը: Թուրքիա են տեղափոխվել միլիոնավոր փախստականներ: Դամասկոսն ու Անկարան խզել են դիվանագիտական կապերը:

Ռուսաստանը փորձում է միջնորդի դեր կատարել երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում:

Թեհրանը նույնպես սատարում է Դամասկոսին և փորձում է հզորացնել իր ազդեցությունն այդ երկրում:

«Դրական և կառուցողական մթնոլորտ»

Ռուսաստանբի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել մինչև հաջորդ քառակողմ հանդիպումը կազմել Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհային քարտեզը:

Այդ հանձնարարությունը կատարելու են փոխարտգործնախարարները: Նրանք աշխատանքը համակարգելու են չորս երկրների պաշտպանության նախարարությունների ու հատուկ ծառայությունների հետ:

«Նախարարներ Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադը, Մևլյութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բարձր են գնահատել այսօրվա հանդիպման դրական և կառուցողական մթնոլորտը և պայմանավորվել են շարունակել շփումները՝ քառակողմ ձևաչափի բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG