Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այդ մասին այսօր ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին ռազմատեխնիկականն է, ապա՝ այո, դրանք էլ են քննարկվել, սակայն արդյունքների մասին, հասկանալի պատճառներով, հրապարակավ չի հաղորդվում», - ասել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, Պուտինի և Ասադի զրույցում անդրադարձ է եղել նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններին:
Պուտինի մամլո խոսնակն ավելացրել է, թե առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հնարավոր է ռուս-սիրիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «մի շատ կարևոր պայմանագրի կնքում»:
Պեսկովի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ-Ասադի երեկվա բանակցությունները տևել են երեք ժամ և երեկոյան են ավարտվել: