Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է առաջնորդվի՝ ելնելով իր անհրաժեշտությունից, ոչ թե ուկրաինական պատկերացումից․ Բադալյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան շքերթին, 9-ը մայիսի, 2023թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան շքերթին, 9-ը մայիսի, 2023թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտում հաղթանակի մոսկովյան ռազմական շքերթին պայմանավորված է Հայաստանի անվտանգության մարտահրավերները կառավարելու խնդրով, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Այս միջոցառմանը ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությունը հարուցել է Ուկրաինայի իշխանությունների վրդովմունքը։

«Հայաստանը գտնվում է շատ բարդ մարտահրավերների առաջ և Հայաստանի համար արդարացված է այդ մարտահրավերների հարցում էական նշանակություն ունեցող բոլոր դերակատարների հետ աշխատանքը, այդ թվում՝ նաև Մոսկվայի հետ», - ասաց Բադալյանը։

45 րոպե տևած ռազմական շքերթին մասնակցում էին նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

ԱՊՀ երկրների ղեկավարները մոսկովյան շքերթին, 9-ը մայիսի, 2023թ․
ԱՊՀ երկրների ղեկավարները մոսկովյան շքերթին, 9-ը մայիսի, 2023թ․

Ուկրաինայի դեմ չհրահրված պատերազմ սկսած Ռուսաստանի նախագահն իր ելույթում դարձյալ Արևմուտքին է մեղադրել, արևմտյան առաջնորդներին էլ նացիստների հետ համեմատել։

Հատուկ հայտարարությամբ Ուկրաինայի արտգործնախարարությունը երեկ դատապարտեց առաջնորդների մասնակությունը միջոցառմանը՝ նշելով՝ «պատերազմական հանցագործի հետ նշված օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը» «անբարոյական և ոչ-բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ ռազմական հանցագործությունների համար միջազգային արդարադատության կողմից հետախուզվող Պուտինն այդ միջոցառմանը ելույթ ունենալով «արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը»։

Այս հայտարարությունում միջոցառմանը մասնակցած Բելառուսի առաջնորդի մասին չի հիշատակվում: Մոսկվային աջակցող Մինսկին Կիևը արդեն իսկ թշնամի է համարում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2023թ․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2023թ․

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ Ուկրաինայի գնահատականները Ռուսաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ հասկանալի են, բայց Հայաստանն էլ իր խնդիրներն ունի։

«Բնականաբար, մենք պետք է առաջնորդվենք մեր անհրաժեշտություններից ելնելով և ոչ թե ելնելով ուկրաինական պատկերացումներից», - ասաց Բադալյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանը կարողացել է չեզոքություն պահպանել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG