Մատչելիության հղումներ

«Գոլդեն Փելիս» ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի Մոնումենտում կառուցված հյուրանոցի տարածքը, շենքի ճակատագիրը դեռ անհայտ է


Վարչական դատարանն օրերս վճռել էր, որ 18 տարի առաջ Մոնումենտի այգու մի մեծ հատվածում հյուրանոց կառուցած «Գոլդեն Փելիս» ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի հյուրանոցի հողատարածքը։ Բայց թե ինչ կլինի գործող հինգաստղանի հյուրանոցի շենքի հետ, դեռևս պարզ չէ։ Վճիռը դեռ ուժի մեջ չի մտել։

Այս ընկերության 94 տոկոսի սեփականատերը Արտաշես Ավետիսյանն է։ Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Մաքսայինի պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի որդին է։ Հյուրանոցն այժմ «Ռեդիսոն Բլյու» է կոչվում։ Եթե դատարանի վճիռն ուժի մեջ մտնի, Ավետիսյանները պետք է պետությանը վերադարձնեն ժամանակին 281 միլիոն դրամով՝ քառակուսի մետրը մոտ 16.000 դրամով գնած 17 հազար քառակուսի մետր հողատարածքը։

«Այդ վճռով խախտվել է վստահորդիս սեփականության իրավունքը՝ Կոնվենցիայի արձանագրության առաջին հոդվածով պաշտպանվող... Մի խոսքով, այս պահին դեռ ավելի մանրամասն տեղեկատվություն չեմ ցանկանում հայտնել», - «Ազատությանն» ասաց ընկերության փաստաբան Արմինե Հարությունյանը։

Նա հարցնում է՝ ի՞նչ մեղք ունի սեփականատերը, որը տարիներ առաջ վարձակալել է հողը, վրան հյուրանոց կառուցել, իսկ հետո էլ պետությունը իրեն վաճառել հողամասը։ Ինչո՞ւ պետք է վերադարձնի մի բան, որը գնել է պետության թույլտվությամբ. - «Այս բոլոր վիճարկվող վարչական ակտերից, առ ոչինչ ճանաչվող վարչական ակտերից շատ առաջ վարձակալությամբ տրամադրված է եղել իմ վստահորդին, և օրինական կերպով, շինթույլտվության հիման վրա կառուցվել է հյուրանոց։ Մի պահ պատկերացնենք, որ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ։ Ո՞րն է լինելու դրա հետևանքը»։

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան

Դատարանում տարած հաղթանակի մասին օրերս խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետ հողատարածքը կվերադարձվի պետությանը։ Հյուրանոցից նա չխոսեց: Աննա Վարդապետյանն ասել էր, թե այգու այդ հատվածը արգելված էր օտարել, այնինչ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը վաճառել էր այն. - «Երբ նշված հողամասերը որպես Հաղթանակ զբոսայգու մաս ընդգրկված էին Հողային օրենսգրքով սահմանված ոչ ենթակա հողամասերի ցանկում։ Ենթակա չէին օտարման»։

Սա երբեմնի ազդեցիկ պաշտոնյային ու նրա ընտանիքին առնչվող միակ գործը չէ։ Արմեն Ավետիսյանը 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փոխանցեց պետությանը, ինչի դիմաց կարճվեց նրա դեմ հարուցված փողերի լվացման քրեական գործը։

Ավետիսյանի դեմ արդեն կարճված քրեական գործում նաև Մոնումենտի հողատարածքի ապօրինի օտարման հարցը կար։ ԱԱԾ-ն 2018-ին հայտարարել էր, որ Ավետիսյանը պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը` ծախսված միլիոնավոր դոլարները ներկայացնելով իբրև Հայաստանում օտարերկրյա ներդրում:

Ժամանակին, երբ մայրաքաղաքի կանաչ գոտում բացվում էր այս հյուրանոցը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սա հենց հաջող օտարերկրյա ներդրում էր համարել. - «Գիտեք, եթե մարդիկ Կիպրոսից այստեղ արդեն ներդրում են արել, այսպիսի հյուրանոց են կառուցել, ուրեմն վստահություն կա, որ այստեղ բիզնես միջավայրը իրականում այնպիսին է, որ կարելի է վստահել, կարելի է ներդրումներ անել և կարելի է փող աշխատել»:

Հյուրանոցի բացումից 18 տարի անց փաստորեն Վարչական դատարանը եզրահանգել է, որ Երևանի քաղաքապետը անօրինական որոշում է կայացրել՝ օտարելով մի հողատարածք, որն ի սկզբանե օտարման ենթակա չէր։

Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանը պնդում է՝ իրենց նպատակը պետությանը պատկանող հողամասը հետ բերելն է. - «Մենք ասում ենք՝ հողամասը չէր կարող օտարվել, օտարվել է։ Դրա համար թե' հայցի քննության շրջանակներում, թե' հայցադիմումի մեջ մենք շենքի, շինության ճակատագրին չենք անդրադարձել։ Որովհետև մեր բուն նպատակը մենք ասում ենք՝ հողը ճիշտ ճանապարհով դուրս չի էկել, պետության սեփականության իրավունքը չէր կարող դադարել 60 հոդվածում ընդգրված հողամասերի նկատմամբ»։

Դատախազն ասում է՝ շենքին դատարանը չի անդրադարձել, այս հարցը կհստակեցվի հետագայում, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո։ Սոնա Հովսեփյանի խոսքով, օտարման ոչ ենթակա հողամասի վրա կառուցված շինությունը չի կարող սեփականության իրավունքով պատկանել քաղաքացուն. - «Այդ դեպքում օրենսդրությունը, Հողային օրենսգիրքը թույլ է տալիս նշված հողամասերը տրամադրել բացառապես կառուցապատման իրավունքով։ Եթե կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վրա կառուցապատողը կառուցում է շենք, շինություն, որևէ գույք է էդտեղ տեղակայում, ապա այդ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցում կառուցապատողին»։

Այգու մի հատվածը օտարելու համար 2019-ին մեղադրանք էր առաջադրվել նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, սակայն գործը կարճվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, Զախարյանը քրեական պատասխանատվություն չի կրել։

XS
SM
MD
LG