Մատչելիության հղումներ

Օրբան. «Հունգարիան՝ պահպանողականների գաղափարների ինկուբատոր»


Վրաստանի և Հունգարիայի վարչապետեր Իրակլի Ղարիբաշվիլին և Վիկտոր Օրբանը, Բուդապեշտ, 4 մայիսի, 2032թ.
Վրաստանի և Հունգարիայի վարչապետեր Իրակլի Ղարիբաշվիլին և Վիկտոր Օրբանը, Բուդապեշտ, 4 մայիսի, 2032թ.

«Պահպանողականներ ամբողջ աշխարհի՝ միացե՛ք»

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը երեկվանից հյուրընկալել է մոլորակի պահպանողական գաղափարախոսության ջատագովներին: Միջոցառման խորագիրն է «Պահպանողական քաղաքական գործողության համագումար»:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից զատ այս հավաքին մասնակցող գործող պետական այրերից երկրորդը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է: Մնացյալները քաղաքական ասպարեզում հեղինակավոր դերակատարներ են, բայց՝ պաշտոնաթող, զորօրինակ՝ Ավստրիայի ներքին գործերի նախկին նախարար, «Ազատություն» կուսակցության լիդեր Հերբերտ Կիկլը և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Իր պահպանողական աջակողմյան և ազգայնական հայացքներով հայտնի Օրբանն առաջին իսկ ուղերձով համապատասխան տրամադրություն է տվել հավաքի ընթացքին:

«Ո՛չ միգրացիային, ո՛չ գենդերին, ո՛չ պատերազմին»,- ասել է Օրբանը՝ դիմելով հավաքի մասնակիցներին:

Նրա համոզմամբ, ազատ աշխարհում վիրուս է տարածվում, դա ազգերը և ավանդական արժեքները քայքայող վիրուսն է, որը կոչված է ոչնչացնելու կրոնը, պետությունը, ընտանիքը՝ այն ամենն, ինչ թանկ է և կարևոր մարդու համար:

«Այդ վիրուսը ստեղծել են, այսպես կոչված, ազատական առաջադիմական գաղափարներ գեներացնող լաբորատորիաներում»,- ասել է Հունգարիայի վարչապետը:

«Արմատից կտրվածին հեշտ է կառավարել»

Ըստ Օրբանի, այդ վնասակար ուժի դեմ պայքարում աշխարհի առաջատարներից Հունգարիան է, որը դարձել է պահպանողական գաղափարների և քաղաքական լուծումների համաշխարհային ինկուբատոր։

Ուշագրավ է այդ հավաքին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությունը: Նա Բուդապեշտում խոսել է ավանդական արժեքները պահպանելու անհրաժեշտության մասին:

«Կեղծ ազատություններ տարածելով, սեռական փոքրամասնությունների քարոզի և այլ, այսպես կոչված, նորարարությունների միջոցով երեխաներին կտրելով ծնողներից, փորձ է արվում մարդկանց անջատել արմատներից, ընտանիքից, ավանդույթներից, մշակույթից և պատմությունից»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նրա համոզմամբ, այդպես ավելի հեշտ է կառավարել արմատից կտրված անձին, որևէ մեկին, ով մոռացել է իր պատմությունն ու դավանանքը:

«Այո, հիմա դժվար ժամանակներ են, մեր հիմնական զենքը մեր ավանդական պահպանողական քրիստոնեական ընտանեկան արժեքներն են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Մինչդեռ, Օրբանի համոզմամբ, պահպանողական շարժումը հաջողությամբ դիմադրում է և արդեն «հաղթել է Բուդապեշտում, Վարշավայում, Հռոմում և Երուսաղեմում»:

Նա այդպես ակնարկում է Հունգարիայում, Լեհաստանում, Իտալիայում և Իսրայելում իշխանությունը ստանձնած քաղաքական ուժերը:

«Պահպանողականները կպաշտպանեն ազատ աշխարհը լիբերալներից»

«Հերթը Բրյուսելինն է և Վաշինգտոնինը»,- հայտարարել է Օրբանը, հույս հայտնելով, որ Եվրոպական միության համակարգում մի օր մեծամասնություն կկազմեն պահպանողականներն, իսկ Միացյալ Նահանգներում 2024 թվականին կհաղթի Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների նախկին հանրապետական նախագահը հատուկ ուղերձով դիմել է համագումարի մասնակիցներին:

Նա ողջունել է համագումարի մասնակիցներին և գովեստով է խոսել Վիկտոր Օրբանի հետ իր անձնական բարեկամության մասին: Թրամփը հաջողություն է մաղթել համագումարին, հավատացնելով, որ արևմտյան քաղաքակրթության փրկությունը պահպանողականների առաքելությունն է, որն անպայման կպաշտպանեն ազատ աշխարհը լիբերալների վտանգից:

Պահպանողականների թիրախում միգրանտներն են և ազատականները

Թերևս պատահական չէ, որ Օրբանը և տարբեր երկրներում նրա գաղափարակիցները թե՛ ակնհայտ և թե՛ անտեսանելի խորքային տարաձայնություններ ունեն Սպիտակ տան դեմոկրատական վարչակազմի և Եվրոպական միության ներկայիս ազատական ղեկավարների հետ:

Պարոնայք Օրբանը և այլք իրենց ընտրազանգվածներին համոզում են, որ բոլոր չարիքները գալիս են միգրանտներից և ազատական գաղափարներ կրողներից: Նրանց համոզմամբ, սոցիալական արդարության ցանկացած պահանջ ոչ այլ ինչ է, եթե ոչ կոմունիստական պրոպագանդա:

Նրանցից շատերը նաև չեն ցանկանում բարձրաձայն ու անվերապահորեն դատապարտել ռուսների ներխուժումն Ուկրաինա:

Մինչդեռ, մյուս ճամբարը՝ ներկայիս Սպիտակ տունը և Եվրոպական միությունը, համոզված է, որ աշխարհը պարտավոր է պաշտպանել առանց բացառության բոլորի իրավունքները և սատարել ռուսների ագրեսիային ենթարկված ուկրաինացիներին:

Հունգարիան երկրորդ անգամ է անցկացնում այս միջոցառումը

«Պահպանողական քաղաքական գործողության համագումարը»՝ Միացյալ Նահանգներում ամերիկացի պահպանողականների ավանդական հավաքն է, որը պարբերաբար կազմակերպվում է նաև Ամերիկայի սահմաններից դուրս: Եվրոպայում արդեն երկրորդ անգամ հավաքի մասնակիցներին Հունգարիան է ընդունում:

Հյուրերի թվում են «բրազիլացի Թրամփ» մականունով Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, Սլովենիայի նախկին վարչապետ Անեզ Յանշան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, նախկին հեռուստալրագրող Քերրի Լեյքը:

Տակավին վերջերս Fox News հեռուստակայանից արտաքսված անվանի լրագրող և հաղորդավար Թաքեր Կարլսոնը տեսակապով կդիմի համագումարին:

XS
SM
MD
LG