Իսրայելցի խորհրդարանականները կոչ են անում ևս մեկ՝ Հարավային Ադրբեջան ստեղծել։
Անցած շաբաթավերջին Իրանում բնակվող ադրբեջանցիների անջատական նկրտումներին աջակցելու և «Հարավային Ադրբեջանի Հանրապետության» ստեղծմանն աջակցելու կոչով Քնեսեթի 32 պատգամավորներ դիմել էին Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենին։
«Ադրբեջանցիներն Իրանի խոշորագույն ազգային փոքրամասնությունն են, նրանց թիվն այդ երկրում հասնում է 20 միլիոնի», - արտգործնախարարին ուղղված նամակում գրում էին իսրայելցի պատգամավորները՝ պնդելով, թե պաշտոնական Թեհրանն Իրանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ «մշակութային ցեղասպանություն է իրագործում»։
Նամակի հեղինակները նաև պնդում էին, թե Հարավային Ադրբեջանի անկախության շարժումը «միջազգային աջակցության արժանանալու դեպքում լուրջ հարված կհասցնի Թեհրանին, իսկ անկախ պետության ձևավորման դեպքում այն արդեն իսկ գոյություն ունեցող Ադրբեջանական Հանրապետության հետ մեկտեղ կդառնա Իսրայելի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում»։
«Իրանի մասնատման կոչով այս նամակի տակ հիմնականում ստորագրել են 120 անդամ ունեցող Քնեսեթի ծայրահեղ աջ, կրոնամետ կուսակցությունները ներկայացնող պատգամավորները», - արձանագրում է տեղական մամուլը՝ հատուկ ըդգծելով, որ քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչները, որպես կանոն, արտաքին քաղաքական խնդիրներով չեն հետաքրքրվում։ Միակ բացառությունը նամակի հեղինակների թվում նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի ստորագրության ի հայտ գալն էր։
Արտերկրում գործող իրանական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ, սակայն, Հարավային Ադրբեջանի ստեղծման կոչով այս նամակը ոչ թե թուլացնում է, այլ հակառակը՝ է՛լ ավելի է ամրապնդում այաթոլա Ալի Խամենեիի և նրա զինակիցների դիրքերը երկրի ներսում։
Առաջիններից մեկը հրեա պատգամավորների նամակին արձագանքեց վտարանդի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Իսլամական հեղափոխության արդյունքում գահընկեց արված Իրանի շահի ավագ որդին՝ Ռեզա Փեհլևին։
«Իրանի տարածքային ամբողջականության դեմ բանավոր այս հարձակումը, որ իրականացրել են Իսրայելի խորհրդարանի 32 պատգամավորները, բացարձակապես անընդունելի է և ծառայում է բացառապես Իսլամական Հանրապետության իշխող վարչակազմի շահերին», - Twitter-ում գրել է Ռեզա Փեհլևին՝ հավելելով, որ արդեն իսկ այս հարցով դիմել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչներին
Ուշագրավ է, որ Իրանի մասնատման կոչով պատգամավորների նամակը հրապարակվեց միապետի որդու՝ Իսրայել կատարած այցից մոտ մեկ շաբաթ անց։ Ռեզա Փեհլևին Իսրայել էր ժամանել այդ երկրի հետախուզության նախարարի հրավերով։