Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը:
«Մենք վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչն ու հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը և Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի վճիռը. վերջինում նշված է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», - ասված է հայտարարությունում:
«Ի գիտություն ենք ընդունել, որ Հայաստանը հայտնել է ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու մտադրության մասին», - հայտարարում են եվրոպացի չորս խորհրդարանականները:
«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել Եվրամիության կողմից ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ աջակցվող բանակցային ջանքերը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով», - նշված է հայտարարությունում: