Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում «ներկաներ-նախկիններ» բանավեճը չի մարում


Չորրորդ օրն է Ազգային ժողովում քննարկվում է կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարողականը, չորրորդ օրն է՝ չի մարում «ներկաներ-նախկիններ» բանավեճը։

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իշխանության գալով ինքը չի հասցրել անգամ բանակցել Ղարաբաղի հարցով։

Փաշինյան. - «Իմ սխալը ո՞րն է, ես պետք է էն ժամանակ բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովուրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք, այ, դրա համար ինձ արժի դատել, որ չեմ եկել ասել՝ էս խաղն ավարտված խաղ է»:

Խամոյան. - «Բա Դուք ի՞նչ եք արել 8 անգամ Իլհամ Ալիևի հետ, համ գիտեիք, որ Արցախի հարցն

ավարտված է, բայց համ էլ ժողովրդից թաքցնում էիք Ձեր նկարագրած բանակցային վատ փաթեթը, բայց համ էլ ասում էք՝ ժողովուրդ ջան, հանգսիտ եղեք, Ալիևը լավ է տրամադրված: Հա, հանդիպումներից մեկի ժամանակ էլ ասացիք, որ բանակցային պրոցեսի նրբություններն եք ճշտել իրանից, Դուք փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Էդուարդ Նալբանդյանից, Վարդան Օսկանյանից ճշտելու բան չունեիք, բայց Իլհամ Ալիևից բանակցային պրոցեսի նրբություններ ունեիք ճշտելու»:

Այսօրվա ելույթներում ընդդիմադիրներն անդրադառնում էին վարչապետի հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներով դեռ 2007-ին Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը վերջին տասն օրվա ընթացքում երկու անգամ արեց, երեկ էլ՝ վերահաստատեց։

Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը հայտարարեց. - «Հայաստանն ասում է՝ Արցախն ուրեմն պետք է լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն ինչի՞ պետք է ասի՝ ոչ, մի՞թե Ադրբեջանն էդքան ախմախ է»:

Խաչատրյանը նաև հայտարարեց՝ 88-ից ի վեր 35 տարվա մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որ չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից՝ հիշեցնելով՝ ինչպես է վերջին ընտրություններից հետո իշխանական կուսակցությունը իր փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը փոխարինել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման, որը պիտի երաշխավորվի միջազգային մեխանիզմով։

«Առաջին անգամ 35 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումներն իրար համընկան՝ ինքնորոշումը հանենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից», - նշեց նա:

Մեկ այլ դաշնակցական Արմեն Ռուստամյանը շարունակեց՝ իշխանությունները անունը դնում են «խաղաղության գործընթաց», բայց տանում նոր կապիտուլիացիայի։

«Այն կդրսևորվի ինչպես սովորաբար պատահում է, բոլորիս կատարված փաստի առաջ կանգնեցնելուց հետո միայն, գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռևս պարզ չէ, թե մենք որքան պիտի զիջենք, որ այլևս վերջնական լինի: Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել, որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում, սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երևակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց», - նշեց Ռուստամյանը:

ԱԺ իշխանական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նախկին իշխանականներին, այժմյան ընդդիմադիրներին հակադարձեց. - «Երբ որ դուք ասում էք՝ դավաճան ՔՊ, դուք ինչո՞ւ հետամուտ չեք լինում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, սիրելի Դաշնակցություն, երբ որ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և ինչո՞ւ չեք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այդ հարցին պատասխանեց. «Չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությունը, որովհետև հիմք է ստեղծել միջազգային ճանաչման և Մինսկի համանախագահությամբ գործող այդ ամբողջ բանակցային գործընթացը դրան է ուղղված եղել»:

Մինչ ընդդիմադիրները կարծում են, որ Փաշինյանի թիմը սևացնում է անցյալը, ներկան լուսավոր ցույց տալու համար, իշխանականներն իրենց ձեռքբերումներն էին թվարկում, մասնավորապես, անվտանգության ոլորտում։ Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ դրանք ադրբեջանցիներին էլ են զարմացրել:

«Առաջին անգամը լինելով մենք մեկ միլիարդից ավելի պաշտպանական գերատեսչությանը միջոցներ ենք հատկացնում, պատկերացրեք, որ Ադրբեջանն այդ մասին զարմանքով է արտահայտվում, որ Հայաստանը ո՞նց կարող է միլիարդից ավելի պաշտպանությանը միջոց հատկացնել: Եվ կարծում եմ՝ մենք, այո, այդ բալանսը կմոտարկենք, և խաղաղության կարևորագույն բաղադրիչը ռազմական գերազանցություն թույլ չտալն է», - ասաց Բագրատյանը:

«Շատ կարևոր հայտարարություններ են հնչում պարբերաբար, մեկն այն է, որ ձեր ժամանակ, 20 տարի շարունակ Հայաստանն ունեցել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, երկրորդը այն է, որ Հայաստանն ունեցել է հմուտ դիվանագիտություն, որ լսում եմ ձեզ՝ մեկը Թալեյրան է եղել, ձեր ղեկավարն էլ, որ լսենք՝ մեծ զորավար Հաննիբալը: Հաննիբալի և Թալեյրանի 20-ամյա կառավարման ժամանակ՝ ունենալով ամենաուժեղ բանակը և ամենաուժեղ դիվանագիտությունը, չեք լուծել Արցախի հարցը, բա լուծեիք»: - «Քաղաքացիական» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր. նախկիններին հակադարձելիս մոռացել էր իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմական գնահատականը. բանակը նաև նա էր որակել տարածաշրջանում ամենամարտունակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG