Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Azersky արբանյակը դուրս է եկել շարքից


Azersky արբանյակը Azercosmos-ի նկարում, արխիվ
Azersky արբանյակը Azercosmos-ի նկարում, արխիվ

Azersky ադրբեջանական արբանյակը դուրս է եկել շարքից։ Այն բախվել է կա՛մ փոքր երկնաքարի, կա՛մ տիեզերական աղբի։ Արբանյակի հետ կապը չի հաջողվել վերականգնել։ Ապրիլի 20-ին այս մասին հայտնել է Azercosmos-ը՝ Ադրբեջանի տիեզերական գործակալությունը։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից APA գործակալությանն ասել են, որ հնարավոր է՝ բախման հետևանքով վնասվել է արբանյակի սնուցման աղբյուրը, ինչի պատճառով այլևս տվյալներ չեն ստացվում։

Azersky-ի առաքելությունը համարվում է ավարտված։

«Թուրան» լրատվական գործակալությունը նշում է, որ «Azersky-ը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակը վերահսկելու համար»։

Azercosmos-ի հաշվարկներով` արբանյակն արդեն ծածկել էր դրա վրա ծախսված գումարները, անգամ եկամուտ է ապահովել։ Azersky-ի շահագործման ինը տարիների ընթացքում 105 միլիոն մանաթի (մոտավորապես 61 միլիոն դոլար) եկամուտ է ստացվել: Իսկ Ադրբեջանի պետական կառույցներին արբանյակի տված լուսանկարները գնահատվում են 150 միլիոն մանաթ։ Ընդհանուր գումարը մեկուկես անգամ գերազանցել է ներդրված գումարները, նշում է Azercosmos-ը։ Բացի այդ, արբանյակն ապահովագրված էր 45 միլիոն մանաթով։

Azersky-ը պատրաստել և Ադրբեջանին էր փոխանացել Airbus Defence and Space ֆրանսիական ընկերությունը։ Այն ուղեծիր էր դուրս բերվել 2014 թվականին և օգտագործվում էր Ադրբեջանի ազգային անվտանգության, պաշտպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, նավթագազային հետազոտությունների ու գյուղատնտեսական նպատակներով։

Կորցրած արբանյակից բացի, Ադրբեջանը ևս երկու արբանյակ ունի։ Azerspace-1 և Azerspace-2 հեռուստակոմունիկացիոն արբանյակներն ուղեծիր են դուրս բերվել համապատասխանաբար 2013 և 2018 թվականներին։ Ըստ «Թուրան»-ի հաղորդագրության՝ 2020-ին ադրբեջանական արբանյակների ծառայություններից օգտվել են շուրջ երեք տասնյակ երկրների տարբեր ընկերություններ։

XS
SM
MD
LG