Պաշտոնական Երևանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 18-ի հայտարարություններին՝ շեշտելով՝ դրանք հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը Հայաստանից պահանջել է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Նա կրկին սպառնալիքներ, վիրավորական խոսքեր է հնչեցրել հայերի հասցեին: «Ճիշտ է, մենք ջախջախեցինք թշնամու գլուխը և մեծ հաղթանակ տարանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Սակայն, Հայաստանում կրկին ակտիվանում են ռևանշիստական ուժերը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», - նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները, այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Խոսելով Արցախի ժողովրդից՝ Ալիևն իր հարցազրույցում նույնիսկ ինտեգրացիոն գործընթացներին չի անդրադարձել, կարճ-կտրուկ ձևակերպել է` «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր գտնեն»։
Պաշտոնական Երևանն արձանագրում է՝ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, հայտնում է արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա, դրանց հետևանք են։
Օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել Հայաստանի քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին, հիշեցնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ դրանք համարելով ոգեշնչված գործողություն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից։
«Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը», - նշել է արտգործնախարարությունը։