Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվեց 25 տարվա ազատազրկման


Վլադիմիր Կարա-Մուրզան քաղաքային դատարանում, Մոսկվա, 17 ապրիլի, 2023թ.
Վլադիմիր Կարա-Մուրզան քաղաքային դատարանում, Մոսկվա, 17 ապրիլի, 2023թ.

Փաստաբանները հայտնել են, որ բողոքարկելու են վճիռը:

Դատարանն առանց վարանելու ընդունել է մեղադրող կողմի հայտը

Մոսկվայի քաղաքային դատարանը ռուսաստանցի ընդդիմադիր հանրային գործիչ, Կրեմլի խիստ քննադատ, լրագրող ու հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով դատապարտեց 25 տարվա ազատազրկման:

Երեք երեխայի հայր, 41-ամյա ընդդիմադիր գործչին սատարելու համար դատարան են եկել մեծ թվով լրագրողներ, օտարերկրացի դիվանագետներ և աջակիցներ:

Նրանց արգելել են մուտք գործել դահլիճ և տրամադրել են առանձին սենյակ, որտեղ էկրանին հեռարձակվել է նիստի ընթացքը: Բայց հենց մեղադրյալին ներս են բերել՝ հեռարձակումը դադարեցվել է: Մնացյալի մասին հաղորդել են պաշտոնական անձինք և փաստաբանները:

Ինչպես և ենթադրվել է, դատարանը բավարարել է մեղադրող կողմի հայտը և 25 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել:

«Կարա-Մուրզա Վլադիմիր Վլադիմիրի համար ընտրել 25 տարվա ազատազրկումը, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում»,- ազդարարել է դատավոր Սերգեյ Պոդոպրիգորովը:

Ռուսաստանում չլռելու գինը

Կարա-Մուրզան իր մեղքը սկզբունքորեն չի ընդունում, իր վեջին խոսքում ապրիլի 10-ին նա ասել է թե բանտում է բացառապես քաղաքական հայացքների համար է հայտնվել:

«Վերջին խոսքում, սովորաբար, արդարացման վճռի մասին են խնդրում: Մարդու համար, ով հանցանք չի կատարել, միակ օրինական դատավճիռն արդարացումը կլիներ: Բայց ես ոչինչ չեմ խնդրում, ես գիտեմ իմ դատավճիռը: Ես դրա մասին գիտեի դեռ մեկ տարի առաջ, երբ տեսա իմ մեքենայի հետևից վազող սև դիմակներով սև համազգեստով մարդկանց, դա է հիմա Ռուսաստանում չլռելու գինը»:

«Եթե հնար լիներ, ավելի երկար պատժաժամկետ կնշանակեին»

Նրան ձերբակալել են անցյալ տարվա ապրիլին: Առաջին մեղադրանքը Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 207 հոդվածով է՝ Ռուասստանի զինված ուժերի մասին «ֆեյքերի» տարածում: Երկրորդ մեղադրանքը 284 հոդվածով է՝ «մասնակցություն անցանկալի կազմակերպությանը»: Եվ երրորդը՝ 275 հոդվածով ՝ պետական դավաճանություն:

Առաջինով 3 տարի, երկրորդով՝ 7 և երրորդով՝ 18: Արդյունքում 28, ինչից վերջնական հաստատվել է 25-ը:

Փաստաբան Մարիա Էյսմոնտի փոխանցմամբ, դատավորը սահմանել է առավել խիստ պատիժը, հաշվի չառնելով, որ մեղադրյալն ունի երեք անչափահաս երեխա:

«Այնպիսի տպավորություն է, որ եթե հնար լիներ ավելի երկարաժամկետ պատժաչապ տալ՝ նրանք ավելի երկարը կտային: Սա մաքսիմումն է, քանի որ նախկինում դատված չի եղել։ 25 տարի՝ հենց 25 տարի էլ տվեցին»,- ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը:

Պատիժը կրելուց հետո Կարա-Մուրզան 7 տարի չի ունենա լրագրությամբ զբաղվելու իրավունք և կզրկվի որոշ այլ ազատություններից:

Իր վերջին խոսքում ապրիլի 10-ին նա ասել է, թե իրեն մեղադրում է մեկ բանի համար, որ չի կարողացել հայրենակիցներին հասկացնել, թե որքանով է վտանգավոր Կրեմլի ռեժիմը: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը մի օր կփոխվի:

Արևմուտքը վրդովված է և պահանջում է ազատել Կարա-Մուրզային

Կարա-Մուրզան ունի նաև բրիտանական քաղաքացիություն: Դատարանի մուտքի մոտ հավաքված օտարերկրացի դիվանագետներից առաջինն արձագանքել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտը:

«Այս քրեական գործը հարուցվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտելու խիզախության համար: Բրիտանիայի կառավարությունն իր համերաշխությունն է հայտնում Կարա-Մուրզային և նրա ընտանիքին: և կոչ է անում անհապաղ ազատ արձզկել նրան»,- ասել է Բրիտանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Վճռին է անդրադարձել նաև Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

«Ռեժիմի քննադատների քրեական հետապնդումը ոչ թե հզորության, այլ թուլության նշան է»,- ասել է դեսպանը:

Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը քննադատել է նաև Եվրոպական միությունը: Հայտարարությունը հրապարակել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն:

«Խստորեն դատապարտում ենք աղաղակող խիստ պատիժը։ Կարա Մուրզան 25 տարվա ազատազրկման է դատապարտվում քաղաքական դրդապատճառներով։ Սա անընդունելի է, սա ռուսական իշխանությունների կողմից դատական համակարգի քաղաքական չարաշահման հերթական վկայությունն է: Ամեն բան արվում է ակտիվիստներին, իրավապաշտպաններին և Ուկրաինայի վրա Ռուսաստանի անօրինական ագրեսիայի դեմ ձայն բարձրացնող ցանկացած անձի նկատմամբ ճնշում բանեցնելու համար»,- ասել է Ստանոն:

«Մեր երեխաների համար լավագույն օրինակն է»

Դատավճռից հետո խոսել է նաև Վլադիմիր Կարա-Մուրզայի կինը, «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Եվգենիա Կարա-Մուրզան:

«Ես բախտավոր եմ, որ կյանքս կիսում եմ մեկի հետ, ումից ամաչելու պատճառ չկա, մեկի հետ, ում ես շատ եմ հարգում, մեկի հետ, ով մեր երեխաների համար լավագույն օրինակն է»,- ասել է Եվգենիա Կարա-Մուրզան:

Ռուսաստանում ստալինյան օրերի վերադա՞րձ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կառույցը Կարա-Մուրզային «խղճի բանտարկյալ» է ճանաչել և հայտարարել է, թե նրա նկատմամբ հալածանքների և ներկայացված մեղադրանքի խստությամբ գերազանցել են 1960-ական 70-ական թվականների խորհրդային այլախոհների համար ընտրված դատավճիռները և արդեն հիշեցնում են 1930 թվականների ստալինյան բռնաճնշումների օրերը:

Վլադիմիր Կարա-Մուրզային մեղադրանք ներկայացնելու համար որպս առիթ են օգտագործվել նրա ելույթներն Արիզոնայի նահանգային օրենսդիր մարմնում և մասնակցությունը Սախարովի կենտրոնի կազմակերպած կլոր սեղանին: Այդ ելույթներում Կարա-Մուրզան խստորեն դատապարտել է ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:

«Դուք տեսնում եք ինչ է անում հիմա Ռուսաստանը՝ ռմբակոծում է Ուկրաինայի բնակելի թաղամասերը, հիվանդանոցները և դպրոցները»,- ասել է Կարա-Մուրզան:

«Նովիչոկը» Ռուսաստանում հարցեր լուծելու միջոց

Կարա-Մուրզան ասել է, որ անցած տարիների ընթացքում՝ 2015-ին և 2017-ին իրեն երկու անգամ փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի թույն հիշեցնող նյութով: Նա հրաշքով է փրկվել, սակայն թունավորումը ծանր հետևանքներ է թողել: Այսօր նրա մոտ ախտորոշվել է պոլիոնեյրոպաթիա:

Ռուսաստանցի ընդդիմադիր բանտարկված առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով նույնպես վերջին տարիներին ծանր թունավորումից է փրկվել, «ապօրինի և ամոթալի» է որակել Վլադիմիր Կարա-Մուրզային 25 տարվա դատապարտելու Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը:

XS
SM
MD
LG