Վազգեն Մանուկյանի գործով այսօրվա դատական նիստին դատախազը մեղադրական ճառի ընթացքում միջնորդեց պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» առաջնորդած ընդդիմադիր գործչին մեղավոր ճանաչել մեղսագրվող արարքում և տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ 500 հազար դրամով։ Ըստ մեղադրողի՝ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում։
Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Քրեական գործի հարուցման պատճառ է դարձել վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդի՝ 2021 թվականի փետրվարի 12-ի և 20-ի հանրահավաքների ընթացքում հնչեցրած մտքերը։
«Հայաստանի Հնարապետության կառավարության հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքների ժամանակ օգտվելով իր իրական մտադրության իրականացման համար նպաստավոր տեղից, ժամանակից և իրադրությունից, դիմելով հավաքի մասնակիցներին, ինչպես նաև բազմաթիվ լրատվամիջոցների, լրատվական էլեկտրոնային կայքերի տեսախցիկների միջոցով մարդկանց լայն շրջանակին, հանդես է եկել նրանց ուղղված հրապարակային և ընկալելի, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերով, որոնք դրսևորվել են մարդկանց համախմբելով, նրանց հրահրելով, արարքներին ուղղություն տալով, մարդկանց մոտ իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված ցանկություն առաջացնելով և դրան մղելով», - ասաց դատախազ Արմեն Գևորգյանը։
Մեղադրող դատախազը հայտնեց, որ պատիժը մեղմացնող հանգամանք են եղել Մանուկյանի տարիքը, նա 77 տարեկան է, ինչպես նաև ընդդիմադիր գործչի նախկինում զբաղեցրած պաշտոնները: Արմեն Գևորգյանը դատարանից նաև պահանջեց մինչև դատավճռի հրապարակումը անփոփոխ թողնել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռնալու մասին:
Մինչ մեղադրող կողմը հայտարարում է, թե մեղադրանքն ապացուցված է, պաշտպանական կողմը պնդում է՝ Մանուկյանի հայտարարությունները չեն կարող համարվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Ըստ պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դրանք բռնության ուղերձներ չեն, այլ քաղաքական քննադատություն գործող իշխանությանը:
«Բոլոր դեպքերում ենթադրյալ հանցավորի հայտարարություններն ընդհանուր առմամբ վերաբերում են իշխանության քննադատությանը և իրենց մեջ պարունակում են իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորման և հրաժարականի պահանջի հստակ տարրե, ապա դա ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանական կողմը խնդրեց արդարացնել Վազգեն Մանուկյանին և նրան ամեղ ճանաչել։ Նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա մայիսի 29-ին։