«Եթե Հայաստանում ուրիշ իշխանություն լիներ, այսպիսի դատ ուղղակի տեղի չէր ունենա», - դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում իր թերահավատությունն արդար դատավարության նկատմամբ հայտնեց պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հայաստանի 75-ամյա նախկին վարչապետին սպառնում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում։
Արդեն դատարանում Մանուկյան ավելի քչախոս էր։ Կրկենց՝ մեղքը չի ընդունում, իր ելույթներում հնչածը հաստատում է, դատավարությունը որակում է քաղաքական հետապնդում, մնացածը թողնում իրավաբաններին:
Դատախազ Ալիկ Ստեփանյանն այսօր ներկայացրեց Մանուկյանի մեղադրական եզրակացությունը՝ թվարկելով նրա տարբեր ելույթներից հատվածներ։ Մասնավորապես՝ Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդի՝ փետրվարի 12-ի և 20-ի հանրահավաքների ընթացքում հնչեցրած մտքերը:
«Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում», - ներկայացրեց դատախազը:
Ի՞նչ եք հասկանում բռնություն ասելով, իշխանության հատկապես ո՞ր ճյուղն էր պատրաստվում զավթել Մանուկյանը՝ օրենսդի՞ր, գործադի՞ր, թե՞ դատական, ընդդիմադիր գործչի փաստան էրիկ Ալեքսանյանի՝ դատախազին ուղղված հարցերը մնացին անպատասխան։
«Հիմա այս փաստական նկարագրության մեջ ես, օրինակի համար, չեմ տեսնում, որ Վազգեն Մանուկյանը որևէ մեկին հրապարակավ իր հայտարարությունների մեջ ասի՝ կդնեմ, օրինակ, սա կջարդեմ, սրան կծեծեմ, սրան ազատությունից կզրկեմ: Ինչո՞ւ եմ այս հատկանիշները թվարկում, որովհետև բռնություն կիրառել կամ դրա վերաբերյալ կոչ անել նշանակում է որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառել», - ասաց Ալեքսանյանը:
Մոտ երեք ամսի առաջ կայացած նիստի ժամանակ հենց ինքը՝ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իր արտահայտությունն անհամեմատ ավելի մեղմ էր, քան «մուրճը ձեռքին վազվզող տղայինը»։ Մանուկյանը նկատի ուներ Փաշինյանի ելույթները ընտրությունների քարոզարշավի ժամանակ, որոնց նա գալիս էր մուրճը ձեռքին։
Ավելի վաղ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ասել էր, թե մուրճի ցուցադրումը սիմվոլ է. «Քննարկման առարկա դարձած բոլոր կոչերն արվել են ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ղեկավարների կողմից, ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքից, բայց ցանկացած հարկադրանք բռնություն է»:
Պաշտպան Ալեքսանյանն այսօր միջնորդեց դատախազ Կարեն Բիշարյանին որպես վկա հրավիրել դատարան։ Ըստ նրա՝ Բիշարյանը կարող է տալ հարցի պատասխանը՝ արդյոք նախկին վարչապետ Մանուկյանի հայտարարությունները հանցակազմ են պարունակում։
«Պարոն Մանուկյանը որևէ մեկին չի ասել թեկուզ նվազագույն շեմի տեսանկյունից, որ կգնաք սենց բան կանեք, բայց էլի եմ ասում՝ պատկերացնենք՝ ասել է, հիմա Բիշարյանը տվյալ պարագայում ասում է՝ քրեական գործ հարուցելու հիմք չկա: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ պարոն Բիշարյանն այդ դիրքորոշումը, որ հայտնում է, ամբողջ դատախազության համակարգի անունից է հայտնում, թե ոչ», - ընդգծեց պաշտպանը:
Միջնորդությունը մերժվեց։ Ապացույցների հետազոտության ժամանակ դատախազը կրկին ընթերցեց ելույթներից հատվածներ։ Ինչպես նախաքննության փուլում, այսօր էլ Վազգեն Մանուկյանը հրաժարվեց ցուցմունք տալ։ Խոսքն ավարտեց՝ քաղաքական ակնարկով. «Որ ես պաշտպանության նախարար էի, մենք Քելբաջարն էինք ազատագրում, Մարտակերտը կամ Ղափանը, մենք միշտ հակառակորդին նահանջի ճանապարհ էինք թողնում, այնպես որ ես ճիշտ եմ գտնում, որ այս իշխանական շրջանակներին էլ նահանջին ճանապարհ պետք է թողնել»:
Հաջորդ նիստը տեղի կունենա արդեն հաջորդ տարի, փետրվարին։
Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նախընտրեց խոսել ոչ թե գործի քննությունից, այլ այս պահին սահմանին տիրող վիճակից և փողոց դուրս եկած ընդդիմության պահանջների իրատեսությունից։ Միասնական շարժում, ըստ նրա, հնարավոր կլինի ստեղծել մի դեպքում՝ եթե կա ծրագիր, հեռանկար և առաջնորդ։ Մանուկյանը այս ամենը դեռ չի տեսնում։