Մատչելիության հղումներ

Նոյեմբերին տիեզերք կուղևորվի առաջին թուրք տիեզերագնացը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այս տարվա նոյեմբերին Միջազգային տիեզերակայան կմեկնի առաջին թուրք աստղանավորդը: Ապրիլի 12-ին նշվող Տիեզերագնացության միջազգային օրվա նախօրեին այդ մասին ասել է Թուրքիայի տիեզերական հետազոտությունների գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:

«Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք ծրագրում ենք Թուրքիայի առաջին քաղաքացու թռիչքը տիեզերք, նա կմեկնի Միջազգային տիեզերակայան, որտեղ մի շարք գիտական հետազոտություններ կանցկացնի», - ասել է Յըլդըրըմը:

2021 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազդարարել է ազգային տիեզերական ծրագրի մասին, ըստ որի՝ տիեզերք կմեկնի առաջին թուրք աստղանավորդը, և, բացի այդ, Թուրքիան հրթիռ կարձակի դեպի Լուսին: Այդ ծրագրին Անկարան պետք է տրամադրի մոտ 6 միլիարդ դոլար:

Անցյալ տարվա մայիսին Էրդողանն ասել է, որ Թուրքիան արդեն սկսել է իր քաղաքացուն Միջազգային տիեզերակայան ուղարկելու նախապատրաստական աշխատանքը:

Ռուսաստանը 2018 թվականին հայտնել է, որ պատրաստ է 2023-ին Ղազախստանում գտնվող Բայկոնուրի հրթիռների արձակման կենտրոնից թուրքական անձնակազմ ուղարկել տիեզերք:

Մինչդեռ անցած տարի Թուրքիան և Axiom Space ամերիկյան ընկերությունը կնքել են պայմանագիր, որով ամերիկացիները ստանձնել են տիեզերք առաջին թուրք աստղանավորդին ուղարկելու ծրագրի իրագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG