Երևանի քաղաքապետարանի նախկին ու ներկա երեք պաշտոնյաները, որոնք երեկ ձերբակալվել էին, հարցաքննությունից հետո՝ 24 ժամ անց ազատ են արձակվել։
Պաշտոնապես հաղորդվել էր, որ ձերբակալվել են աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Այսօր «Ազատության» աղբյուրներից հայտնի դարձավ, որ հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի» պետ, իշխող կուսակցության անդամ Տարոն Միրոյանը։ Թե ինչ գործով են անցնում նրանք՝ իրավապահ մարմինները չեն հստակեցնում, հայտնի է միայն, որ երեքն էլ մեղադրյալի կարգավիճակ ունեն։
«Ազատության» տեղեկություններով՝ քննությունն ընթանում է համայնքին պատկանող ինքնակամ շինությունը մի քանի անգամ էժան վաճառելու գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունները ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։
Ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանի համար իրավապահների գործողությունները սպասելի էին։
«Ինքս ունեի նաև ահազանգ մեկ այլ քաղաքացուց, որի մասին նաև տեղյակ էին պահել քաղաքապետին, և կրկին այդ երկու մարդկանց անունն էր հնչել ահազանգում, տեղյակ եմ, որ քաղաքացին նաև դիմել էր իրավապահ մարմիններին, հաղորդում էր տվել: Չեմ բացառում, որ դա հենց այդ նույն գործի շրջանակներում կարող է լինել», - նշեց Աբգարյանը:
Իրենք՝ հարցաքննված նախկին ու ներկա պաշտոնյաները, այսօր մեր զանգերն անպատասխան թողեցին։ Մանրամասներ ու մեկնաբանություններ չեն հայտնում նաև ավագանու իշխող խմբակցության ղեկավարն ու նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Ի դեպ՝ մեղադրյալներից մեկը՝ Սեյրան Մեջլումյանը, աշխատակազմի ղեկավար էր նշանակվել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից: Սարգսյանի հրաժարականից հետո Մեջլումյանն էլ նույն օրը հրաժարական տվեց։
Հակակոռուպցիոնից այսօր ողջ օրվա ընթացքում չհստակցրեցին նաև այս հարցը՝ նախկին քաղաքապետ Սարգսյանն այս գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է։
Մամուլը գրում էր, որ երեկ ձերբակալված Սեյրան Մեջլումյանը Հրաչյա Սարգսյանի մտերիմ ընկերն էր, Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ դա նաև Սարգսյանն է հաստատել:
«Այլ դրվագով առիթ եմ ունեցել դիմել քաղաքապետին, և նա ասել է, որ՝ «չեմ հավատա, որովհետև Սեյրան Մեջլումյանը ազնվագույն մարդ է և իմ ամենավստահելի մարդն է», - ասաց Աբգարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ասաց՝ այն, որ իրենց թիմակիցներն են ձերբակալվում, նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում յուրայիններ չկան։
«Ես սա ասում եմ սրտի մեծ ցավով, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված, կոռուպցիոն մեղադրանքով, 2019 թվականին: Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ, սա վկայում է, որ մեր քաղաքական դիրքորոշումը, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս», - ասել է վարչապետը:
Մինչ իրավապահները մանրամասներ չեն հայտնում գործի վերաբերյալ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է երեկ այս թեմային արձագանքել։ Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն սթափության կոչ է արել քաղաքապետարանի ու համայնքների աշխատակիցներին, հորդորել ջանքերը ծառայեցնել մայրաքաղաքին՝ առանց մանրամասնելու՝ ի՞նչն է նման կոչ անելու առիթ դարձել։
Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ քաղաքապետարանում իսկապես սթափվելու կարիք կա, բայց Ավինյանի այդ ուղերձն, ըստ նրա, ավելի շուտ այլ երանգ ունի. - «Սա առաջին անգամը չի, որ մենք տեսնում ենք, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի պես է իրեն պահում, անթաքույց իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել և բոլոր կարևոր լուրերը հայտնել»:
Քովիդի եթդադրյալ չարաշահումների գործով արդեն տասն օրից ավելի է ինչ կալանավորած է առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Այս բոլոր իրադարձությունները զրագանում են Երևանի քաղաքապետի ընտրություններից ամիսներ առաջ։ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանից բացի ավագանու իշխող ուժից առայժմ այս վերջին զարգացումներին ոչ ոք չի արձագանքել։