Շուրջ 20 օր առաջ Երևանի փոխքաղաքապետ նշանակված Տիգրան Ավինյանն արդեն հասցրել է հանդիպել մայրաքաղաքի երկու վարչական շրաջնների բնակիչներին, գրի առել նրանց խնդիրները՝ խոստանալով նպաստել դրանց լուծմանը։
«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ հաջորդ տարվա ընտրություններում Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն հենց 33-ամյա Ավինյանն է։
«Սա ոչ թե փոխքաղաքապետի պաշտոնական հանդիպումներ են, այլ քաղաքապետի թեկնածուի քարոզարշավ», - ասում են պատերազմից հետո Երևանի ավագանու իշխող թիմից դուրս եկած երկու անդամները։
Իզաբելլա Աբգարյանը համարում է, որ սա անհավասար մրցակցության դասական օրինակ է. - «Գունե լուսաբանման առումով մենք արդեն իսկ տեսնում ենք, որ հանրային միջոցների հաշվին թեկնածուներից մեկը կառուցում է իր քարոզարշավը։ Թեկնածուին լուսաբանում է երևանցիների գրպանից աշխատավարձ ստացող քաղաքապետարանի լրատվական վարչությունը՝ լուսանկարիչը, օպերատորը, լրագրողը, որ նյութն է պատրաստում։ Վերջին այցի ժամանակ մենք տեսանք նաև, որ ավելացել էր նաև Հանրային հեռուստատեսությունը։ Սկզբում քաղաքական ուժը հայտարարեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն է, հետո էլ բերեց և նշանակեց փոխքաղաքապետ՝ տալով վարչական լծակներ, հանրային ռեսուրսներ, երևանցիների գրպանից վճարվող կաբինետ, լուսանկարիչ և մնացած ամենը՝ բենզին մեքենայի, որպեսզի Տիգրան Ավինյանը հանգիստ անի իր քարոզարշավը»։
Աբգարյանն ուշադրություն է հրավիրում Ավինյանի ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերին ու ընդգծում՝ այնտեղ նախընտրական լուսանկարներ, տեսահոլովակներ ու խոստումներ են։
Այս հանդիպումներից մեկի ընթացքում Ավինյանին ուղեկցում էին նաև մյուս փոխքաղաքապետերը, լուսաբանում էին Հանրային հեռուստաընկերությունն ու քաղաքապետարանի լրատվական ալիքը։ Ավագանու իշխող ուժը լքած ու հիմա ընդդիմադիր դիրքից հանդես եկող Էռնեստ Ավանեսովն այս կազմով ու այսպիսի լուսաբանմամբ փոխքաղաքապետի այցելություններ դժվարությամբ է մտաբերում, ասում է՝ կարծես քարոզարշավն արդեն սկսվել է. - «Այ հեսա մետրոն ա, հեսա շենքերը, որոնք որ սեյսմակայուն չեն, որոնք պետք ա կառուցվեն, ապաստարանները ը այլն հեսա կառուցելու ենք։ Այսինքն՝ հաջորդ փուլի համար ստեղծվող մի հուզական ֆոն է, որի պարագայում մարդիկ գնալու են ու ձայն են տալու էն մարդկանց, ովքեր որ էդպիսի խոստում են տալիս։ Փորձը ցույց է տալիս, որ էդպիսի մարդիկ մեր հասարակությունում շատ են»։
Այս բովանդակությամբ հարցեր լրագրողները ուղղեցին հենց Ավինյանին փոխքաղաքապետ նշանակվելու օրը։ Հենց այդ օրն ամբիոնից տրված խոստումները՝ որ եկել է գործ անելու ու երևանցիների խնդիրները լուծելու, արդյո՞ք նախընտրական խոստումներ չեն, արդյո՞ք այս ընթացքում կատարված աշխատանքը չի ընկալվելու կամ ներկայացվելու որպես ՔՊ-ի թեկնածուի աշխատանք... այս բոլոր հարցերն Ավինյանը ժամանակավրեպ համարեց. - «Ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններին էս պահին չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև այս պահին կենտրոնանալու եմ փոխքաղաքապետի գործառույթների վրա։ Ես եկել եմ աշխատելու համար այն ուղղություններով, որոնք որ իմ համակարգման ոլորտում են։ Մնացած բոլոր հարցերը, կարծում եմ, առհասարակ ժամանակավրեպ են։ Իմ աշխատանքը արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան, երևանցիները ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին որ երազել են միշտ։ Իմ աշխատանքը միայն այդ ուղղվածությունն է ունենալու»։
Ավինյանից բացի, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալիա Ռոտենբերգը: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ նախորդ ամիս հայտարարեց՝ ինքն էլ լինելու է «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն։
«Այս բոլոր թեկնածուներն արդեն իսկ հայտնվելու են անհավասար պայմաններում», - ասում է տարիներ ի վեր ընտրական գործընթացները դիտարկող խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը. - «Խնդրահարույց է Հ1-ի լուսաբանումները։ Որովհետև ես չեմ կարող հիշել, որ Հ1-ը նախկինում լուսաբաներ փոխքաղաքապետերի հանդիպումները, օրինակ, քաղաքացիների հետ, կամ աշխատանքային այցելությունները թաղապետարաններ և այլն։ Հ1-ը նախկինում նման բան չի լուսաբանել, հիմա լուսաբանում է։ Եվ սա մի տարի հետո կայանալիք ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուին առավելություն է տալիս մյուս թեկնածուների նկատմամբ։ Այ սա խնդրահարույց է»։
Իոննիսյանը խնդիր չի համարում ժամանակից շուտ մեկնարկած քարոզարշավը, ասում է՝ Ընտրական օերնսգիրքը դա չի արգելում։ «Բայց վարչական ռեսուրսի կիրառումն է խնդիրը», - ընգծեց փորձագետը և շարունակելով՝ փոխքաղաքապետը, որը մեկ տարի հետո որպես իշխոող թիմի թեկնածու է հանդես գալու, քարոզչությունը չի տարանաջտում իր ներկայիս գործունեությունից. - «Որպես փոխքաղաքապետ հանդիպում ա, ընթացքում նաև քարոզչություն ա անում, բայց միաժամանակ լուծում ա տարբեր խնդիրներ՝ օգտագործելով իր վարչական լծակները։ Դրանով ևս առավելություն ա ստեղծում իր՝ մյուս թեկնածուների համեմատ»։
Ընտրությունները մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևանում նախատեսված են հաջորդ տարի աշնանը։ Մասնակցության մասին դեռ ոչինչ չի հայտարարել խորհրդարանական ընդդիմությունն ու իշխող թիմի կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։