Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, զոհված զինծառայողներն են՝ 24-ամյա Արթուր Սահակյանը, 34-ամյա Մկրտիչ Հարությունյանը, 26-ամյա Հենրիկ Քոչարյանը և 30-ամյա Նարեկ Սարգսյանը:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ վիրավորված 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:
Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանի պաշտպանական կառույցը հայտնում է երեք զոհի մասին։ Ադրբեջանական կողմը ևս հրապարակել է զոհվածների ինքնությունը՝ Վիդադի Զալով, Սաբուհի Թաղիև, Էլշադ Հասանով։
Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, տեղեկացրել էին Պաշտպանության նախարարությունից։
«Ազատության» տեղեկություններով՝ վիրավորների թվում է հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, նա Գորիսի բուժկենտրոնից տեղափոխվել է Երևան։
Մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում՝ հարևանությամբ հայկական կողմն սկսեց ինժեներական աշխատանք կատարել՝ զուգահեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին՝ թե տեղում բանակցում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն:
Այսօր արյունոտ այս փոխհրաձգությունը հենց այդ տեղանքում է եղել. 16:00-ից սկսել են կրակել, հրաձգային զինատեսակներով, ապա անցել ականանետային կրակի։
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե «հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա»։