Մատչելիության հղումներ

Երեք ամսվա ընթացքում 11-րդ անգամ․ բողոքի համազգային օր Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ


Փարիզ, 7-ը ապրիլի, 2023թ․
Փարիզ, 7-ը ապրիլի, 2023թ․

Մոտ երեք ամսվա ընթացքում Ֆրանսիան ապրիլի 6-ին 11-րդ անգամ բողոքի համազգային օր անցկացրեց նախագահ Էմանյուել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ։

Կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքի շուրջ սոցիալական հակամարտությունում պահպանվում է ստատուս քվոն. իշխանությունները մտադիր չեն հրաժարվել բարեփոխումներից, ինչպես որ շարունակում են պահանջել արհմիությունները:

Ներկայիս իրավիճակը կտևի առնվազն մինչև ապրիլի 14-ը, երբ հատուկ (և վիճելի) ընթացակարգով խորհրդարան անցած օրենքի ճակատագիրը կորոշի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը։

Ապրիլի 13-ին արհմիությունները հայտարարել են 12-րդ համընդհանուր բողոքի ակցիայի մասին ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։

Այս հինգշաբթի ցույցերի և գործադուլի մասշտաբներն ավելի քիչ տպավորիչ էին, քան Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային նախորդ բողոքի ցույցերը, նշում է France-Presse-ը՝ ամփոփելով բողոքի ակցաիների նոր վիճակագրությունը։

Ըստ գործակալության՝ Փարիզում ապրիլի 6-ի ցույցի մասնակիցների թիվը արհմիությունները գնահատել են 400 հազար մարդ, ամբողջ երկրում՝ 2 միլիոն ցուցարար։ Մայրաքաղաքում ոստիկանությունը հաշվել է 57 հազար ցուցարար։

France-Presse-ը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության տվյալները, նշում է, որ ամբողջ Ֆրանսիայում փողոց է դուրս եկել 570 հազար մարդ՝ համեմատության համար նշելով, որ մարտի 28-ին արհմիությունները հայտարարեցին Փարիզում մասնակցած 450 հազար ցուցարարի մասին (ոստիկանության գնահատականներով՝ 93 հազար ցուցարար), ինչպես նաև 2 միլիոն ցուցարարի ամբողջ երկրում:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ երթերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 740 հազար մարդ։ Ինչպես վերջին բողոքի ցույցերն, այս հինգշաբթի նույնպես երթերն ուղեկցվեցին ոստիկանության հետ բախումներով։

France-Presse-ը, հղում անելով Ներքին գործերի նախարարության տվյալներին, հայտնում է 111 մարդու (այդ թվում՝ 45-ը՝ Փարիզում) ձերբակալության մասին։ Գործակալությունը պնդում է, որ վիրավորվել է 154 իրավապահ։

XS
SM
MD
LG