Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կքննարկի Հայաստանից ներմուծվող կաթնամթերքի մատակարարումը սահմանափակելու հարցը


Մոսկվան կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը սահմանափակելու հարցը։ Ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել, այսօր հայտարարել է Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության ծառայությունը։

Ըստ Ռոսսելխոզնադզորի, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որը ծառայությունը արգելում է։ Ռուսաստանյան գերատեսչությունը Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանն է ուղիղ քննադատում, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացնում, ինչի պատճառով Ռուսաստան կարող է մտնել անորակ ու վտանգավոր սնունդ։

«Իրականում սննդամթերքի անվտանգության, մարդու կյանքին, առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել», - ասում է Սննդի անվտանգության տեսչության լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը։

Չնայած ռուսական կողմի պնդմանը՝ Հայաստանից հակադարձում են, որ պատշաճ վերահսկում են։ Խնդիրը բացառապես կապված է Իրանից ներկրվող հումքի հետ, որն անվտանգ է։

Հարությունյանի փոխանցմամբ, նույն հումքով կաթնամթերքը վաճառվում է նաև հայկական շուկայում. - «Եթե այդ ապրանքը ներմուծվում ա Հայաստան, և դրա հիմքի վրա կաթնամթերք է արտադրվում, այդ կաթնամթերքը կարող է նաև արտահանվել այլ երկիր։ Այլ խնդիր է, որ Ռուսաստանը դրա հետ կապված խնդիր է տեսնում»։

Եթե ռուսական կողմը շեշտում է, որ իրանական հումքը արգելում են, ինչո՞ւ են հայկական ընկերություններն այդ սահամանփակումը անտեսել։ «Հենց խնդիրն էլ այդ է, ու հիմա դա է քննարկվում։ Արդյո՞ք կան էդ սահմանափակումները, թե չկան», - նշում է Հարությունյանը։

Ռոսսելխոզնադզորի նախկին հայտարարությունները բացահայտված խնդիրների մասին հասցեական են եղել, կոնկրետ։ Այս անգամ անուններ չի նշել։ Ընդհանուր է զգուշացրել, որ կարող է թույլ չտալ հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա։ Արտադրանքի որակի վերաբերյալ ռուսական հռետորաբանությունն ավելի շատ քաղաքական երանգ ունի։ Այսպիսի տպավորություն է ստացել Իրազեկ ու պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

«Չի կարելի չտեսնել, որ էստեղ կա նաև քաղաքական էլեմենտ», - նշեց նա։

Կոշտ շեշտադրումներով հաղորդագրությունը հաջորդում է Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու մտադրությանը։ Անշուշտ խախտումներ կան, բայց Պիպոյանը չի բացառում, որ առիթ է դաշնակցին ատամ ցույց տալու համար. - «Չի բացառվում նաև էդ։ Ես չեմ կարա պնդեմ, բայց սա ընդունված հռետորաբանություն չի»։

Բաբկեն Պիպոյան
Բաբկեն Պիպոյան

Սպառողների պաշտպանը նախկինում աշխատել է Սննդի անվտանգության տեսչությունում։ Ասում է՝ գործընկերային պրակտիկան այլ է։ Նախ ներքին կարգով են տեղեկացնում հայտնաբերված խնդիրների մասին, զգուշացնում խնդիրը շտկել, հետո անվանական ու հստակ հայտարարություն անում։ Նրա տեղեկություններով՝ այս անգամ այդպես չի եղել. - «Էս հաղորդագրության մեջ իրանք արտադրողի խնդիրը դիտարկել են որպես երկրի խնդիր, էն դեպքում, երբ ունեին հնարավորություն դա դիտարկել բացառապես արտադրական խնդիր»։

Ռուսաստանցի մասնագետները մարտի 20-ից 24-ն են Հայաստանում մոնիտորինգ արել։ Հատկանշական է, որ այս անգամ քննադատել են գործընկեր կառույցին, թե՝ վերահսկողությունը պատշաճ չի եղել. - «Ռուսական կողմը հաղորդագրություն ա տալիս, որ Հայաստանում էսինչ ընկերությունը, ինինչ ընկերությունը պրոբլեմատիկ են, կասեցվում են, մենք կհասկանայինք, որ տակը նյութ չկա, թեմա չկա և ընթացիկ ա։ Բայց իրենք ավելի շատ շեշտադրումն անում են ընդհանուր ոլորտին և ընդհանուր պետական վերահսկողությանը»։

Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությունից էլ անուններ չեն նշում, թե որ ընկերություններին նկատի ունի ռուսական գերատեսչությունը. - «Ռուսական հաղորդագրությունը նշե՞լ է որ ընկերությունների մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, դրա կարիքը ուղղակի չկա»։

Ռուսաստան հայկական կաթնամթերքի մատակարարումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է, հայտնում են Սննդի անվտանգության տեսչությունից, կոնկրետ թվեր չեն նշում։ Եթե ռուսական կողմի նշած խնդիրը չշտկվի, միայն դրանից հետո հայկական արտադրանքի մուտքը սահմանափակելու որոշում կլինի։

XS
SM
MD
LG