Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հանուն Ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:
Վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել։ 3.5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի շրջափակմանը, Արցախի ու Հայաստանի անվտանգությանն էր առնչվում։
Լիագումար նիստը մեկնարկել է հյուրընկալող երկրների՝ Միացյալ Նահանգների, Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Կորեայի և Զամբիայի ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Փաշինյանի գրասենյակը նշում է, որ գագաթնաժողովի օրակարգի շրջանակում նախատեսվում են թեմատիկ պանելային քննարկումներ՝ 2021թ. «Հանուն Ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարման, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների՝ կառավարման հաշվետվողականության ապահովման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, ներառական տնտեսական աճի և այլ թեմաների շուրջ:
Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:
Այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։ «Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում», - ասել է Պեսկովը։