Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է ԱՄՆ նախագահի նախաձեռնած Ժողովրդավարության համաժողովը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովը: Երկօրյա առցանց միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչներ։ Հրավիրյալների թվում է նաև Հայաստանը։

Համաժողովի առաջին օրը պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի առաջնորդները քննարկելու են ժողովրդավարություններին սպառնացող սպառնալիքները հաղթահարելու ուղիները, փորձելու են համատեղ ձևավորել ժողովրդավարության վերականգնման օրակարգը։

Օրակարգի երեք հիմնական հարցերն են՝ ինչպես դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ ու առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ համաշխարհային առաջնորդներին կառաջարկվի հայտարարել «հստակ միջոցառումների և պարտավորությունների մասին՝ ներքին իմաստալից բարեփոխումներ իրականացնելու համար», որոնք կխթանեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico ամսագիրը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված երկօրյա համաժողովի օրակարգում միջոցառմանը հրավիրված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ նախատեսված չէ։

Չորեքշաբթի օրը կայացել է գագաթնաժողովի նախապատրաստական՝ «զրոյական» օրը, որին ելույթ են ունեցել տարբեր գործիչներ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիա Ռեսան և Դմիտրի Մուրատովը։ Ռուսաստանցի լրագրող Մուրատովն իր ելույթում խոսել է «օտարերկրյա գործակալների» մասին Ռուսաստանում օր-օրի խստացվող օրենքից և կոչ արել վերացնել այն։ Հայտնի լրագրողը շեշտել է, որ Ռուսաստանում այսպես կոչված օտարերկրյա գործակալներին նույնացնում են «ժողովրդի թշնամիների» հետ, ինչը ճակատագրական է դառնում երկրում լրագրության համար։

Միջոցառմանը չհրավիրված Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, թե բացասաբար է վերաբերվում «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, որը, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, նոր բաժանարար գծեր ստեղծելու Միացյալ Նահանգների փորձն է։

XS
SM
MD
LG