Պատմական որոշում, որը կհանգեցնի պատմական պատասխանատվության. այսպես է գնահատում Ուկրաինայի նախագահը Միջազգային քրեական դատարանի որոշումը, որը Ռուսաստանի նախագահ Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։
Հաագայում տեղակայված դատարանը երեկ երեկոյան հայտարարեց, որ այս որոշման հիմքում ուկրաինացի հարյուրավոր երեխաների ապօրինի տեղահանումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։
«Այդպիսի հանցավոր գործողություն հնարավոր չէր կատարել առանց ահաբեկիչ-երկրի գլխավոր ղեկավարության հրամանի։ Երեխաներին ընտանիքներից բաժանելը, հարազատների հետ կապվելու ցանկացած հնարավորությունից զրկելը, երեխաներին Ռուսաստանի տարածքում թաղելը, հեռավոր տարածաշրջաններով ցրելը՝ այս ամենը ակնհայտորեն ռուսական պետական քաղաքականություն է, պետական որոշում, պետական չարիք, սկսած այդ պետության առաջին պաշտոնատար անձից», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Պուտինի հետ միասին դատարանը ձերբակալման օրդեր է տվել նաև Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար։ Ըստ էության չհերքելով Ուկրաինայից երեխաներին տեղահանելու փաստը՝ ռուս պաշտոնյան այդ որոշումը Ռուսաստանի աշխատանքի ճանաչում է համարել։
«Լավ է, որ միջազգային հանրությունը գնահատել է մեր երկրի երեխաներին օգնելը, որ մենք նրանց չենք թողնում մարտական գործողությունների գոտում, որ տեղափոխում ենք նրանց, որ նրանց համար լավ պայմաններ ենք ստեղծում, որ նրանց շրջապատում ենք սիրող, հոգատար մարդկանցով։ Իմ հանդեպ բոլոր երկրների, նույնիսկ Ճապոնիայի պատժամիջոցները կան, հիմա ձերբակալելու օրդեր, հետաքրքիր է հետո ինչ կլինի։ Դե, իսկ մենք կշարունակենք աշխատել», - ասել է Մարիա Լվովա-Բելովան։
Միջազգային դատարանի որոշումից առաջ հրապարակվել էր ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը։ Փաստաթղթում հենց ուկրաինացի երեխաների բռնի տեղահանումն էր նշված, նաև, որ Ռուսաստանը մի շարք ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, այդ թվում՝ կանխամտածված սպանություններ և խոշտանգումներ։ Որոշ հանցագործություններ կարող են դիտվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ընդգծել էին զեկույց հեղինակները՝ միևնույն ժամանակ հավելելով՝ դեռևս ապացույցներ չեն գտել, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն։
Նախագահ Պուտինն առայժմ անձամբ չի արձագանքել Միջազգային քրեական դատարանի որոշմանը։ Փոխարենը Կրեմլի խոսնակ Պեսկովն այն վրդովվեցուցիչ և անընդունելի է համարել։
«Ռուսաստանը, ինչպես և մի ամբողջ շարք երկրներ, չեն ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Համապատասխանաբար նմանատիպ ցանկացած որոշում իրավունքի տեսակետից Ռուսաստանի համար առ ոչինչ է», - նշել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը միաժամանակ հրաժարվել է ասել՝ արդյոք Պուտինը կխուսափի մեկնել այն երկրներ, որտեղ կարող է ձերբակալվել Միջազգային քրեական դատարանի օրդերով։ Ի՞նչ քայլեր կարող են հետևել միջազգային դատարանի որոշմանը։
Կառույցի գլխավոր դատախազ Քարիմ Խանը չի բացառել, որ ինչ-որ պահի Պուտինը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին հենց նույն դատարանում։
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր դա անհնարին են համարում, պատմություն չգիտեն, որովհետև նացիստական գլխավոր ռազմական հանցագործները, Միլոշևիչը, Կարջիչը, նախկին նախագահ Չարլզ Թեյլորը, նախկին վարչապետ Ժան Կամբանդան Ռուանդայից, նրանք բոլորը ուժեղ, ազդեցիկ մարդիկ էին և նրանք բոլորը հայտնվեցին դատարանի դահլիճում։ Սա հիմք է տալիս հուսալու, որ օրենքը կարող է հաղթել, որքան էլ դա դժվարին լինի», - ասել է Քարիմ Խանը։
Միջազգային քրեական դատարանի որոշմանն են անդրադարձել նաև արևմտյան առաջնորդները։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն, օրինակ, ասել է, թե այս քայլը լիովին արդարացված է։ Նա վստահաբար պատերազմական հանցագործություններ կատարել է։
Ոչ ոք օրենքից վեր չէ, իր հերթին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց. - «Բոլորս գիտենք, որ Միջազգային քրեական դատարանը կարևոր ինստիտուտ է, որի մանդատը հաստատված է միջազգային պայմանագրերով»։
Այդուհանդերձ, Ռուսաստանի ցանկացած քաղաքացու դատավարություն Միջազգային քրեական դատարանում շատ անորոշ հեռանկար ունի, քանի որ Մոսկվան չի ճանաչում այդ դատարանի իրավասությունը և չի արտահանձնում իր քաղաքացիներին։ Ուկրաինան նույնպես այդ դատարանի անդամ չէ, սակայն կառույցին իրավասություն է տվել մտնել իր տարածք։ Գլխավոր դատախազ Քարիմ Խանն, օրինակ, հետաքննությունը սկսելուց ի վեր չորս անգամ այցելել է Ուկրաինա։
Դատարանը երեկ ընդգծել էր, որ հիմնավոր հիմքեր ունի ենթադրելու, որ Պուտինը անհատական քրեական պատասխանատվություն է կրում երեխաների առևանգման համար ու դա արել է և՛ ուղղակիորեն, և՛ պատշաճ չվերահսկելով այդ գործողությունները կատարած քաղաքացիականներին ու զինվորականներին։