Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի եղբայրը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանը դիմել է կառավարություն` խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։ Թե երբ է խնդրագիրը ներկայացվել, և ինչ հիմնավորումներ է նշել 1999-ին Հայաստանի ղեկավարության մի մասի սպանդին մասնակցած Հունանյանը, Արդարադատության նախարարությունը չի հստակեցնում։
«Իմ Յուրային սպանողը ինքն է եղել։ Իրենք տեղով վտանգ են, ի՞նչ ազատության մասին է խոսքը, ո՞ւր դուրս գան, ո՞նց կարող ա այդպիսի բան լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց 23 տարի առաջ խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին, որ անցած շաբաթ իր մտահոգությունն է փոխանցել արդարադատության փոխնախարարին։ Նախարարությունը այս զրույցի մասին տեղեկատվություն չի տալիս, իսկ Անահիտ Բախշյանի խոսքով՝ փոխնախարարը իրեն հորդորել է չանհանգստանալ. - «Ինքը ինձ հավաստիացրել է, որ չանհանգստանամ, և հորդորեց, ասաց՝ մի անհանգստացեք, ասացի՝ բայց ես շատ անհանգիստ եմ ու այդ անհանգստությունս փոխանցում եմ նախարարին։ Հորդորից ես հասկացել եմ՝ բացառում են նման բան»։
Յուրի Բախշյանի այրին պնդում է՝ նման ծանր հանցագործություններով դատապարտվածները չպետք է ներում ստանան։
«Վերջում եմ ես, վերջում։ Առաջինն իմ պետությունն է գլխատվել, սա ես որպես տուժող չեմ ասում, ասում եմ որպես ՀՀ քաղաքացի. պետությունը գլխատել են հանցագործները, և ներման մասին խոսք ուղղակի չպետք է լինի», - ասաց նա։
Կարեն Հունանյանի խնդրագրին, ըստ «Ներման մասին» օրենքի, պետք է պատասխանի վարչապետը։
«Եզրակացությունը խորհրդատվական բնույթ է կրում հանձնաժողովի, վարչապետը կարող է ընդունել, կարող է չընդունել առաջարկությունը։ Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ, կապ չունի՝ ցմահ ազատազրկման դատապարտված է, թե որոշակի ժամկետով է ազատազրկման դատապարտված», - ասաց Արդարադատության նախարարության Ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Մկրտչյանը։
Նա պարզաբանում է՝ ցմահ դատապարտյալները ևս կարող են ներման խնդրագիր ներկայացնել։ Նրանց դեպքում այս հնարավորությունը տրվում է դատապարտման 15 տարին լրանալուց հետո. - «Ներման խնդրագիրը կարող է դատապարտյալը ներկայացնել ինչպես նախարարություն, այնպես էլ նախագահի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ։ Երբ որ ներկայացնում է նախագահի աշխատակազմ կամ վարչապետի աշխատակազմ, իրենք եռօրյա ժամկետում ուղարկում են նախարարություն, անձնական գործը կազմում է Արդարադատության նախարարությունը։ Անձնական գործը մենք կազմում ենք, ուղարկում ենք վարչապետի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմն այնտեղ նայում է, քննարկում է, հետո ուղարկում է ներման հարցերի քննարկման հանձնաժողով»։
Առայժմ հայտնի չէ, թե որ փուլում է այս հարցի քննարկումը։ Ըստ օրենքի՝ այն պետք է քննարկվի արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող հանձնաժողովում։ Տարբեր գերատեսչությունների տասը ներկայացուցիչներ, ուսումնասիրելով խնդրագիրը, պետք է իրենց խորհրդատվական եզրակացությունը ներկայացնեն վարչապետին։ Եվ միայն գործադիրի ղեկավարն է եզրահանգում՝ բավարարել խնդրագիրը, թե՝ ոչ։ Ներում շնորհելու կամ այն մերժելու հրամանագիրը, սակայն, ստորագրում է հանրապետության նախագահը։ Օրենքն ունի մի դրույթ, ըստ որի՝ բացառիկ դեպքերում վարչապետը ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին իր առաջարկությունը կարող է նախագահին ներկայացնել առանց հարցը հանձնաժողովում քննարկելու։ Արդյո՞ք այս հարցով կա վարչապետի որոշում՝ կառավարությունից չպատասխանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։
2018-ի հեղափոխությունից հետո իրավապահները քննում են հիմնական քրեական գործից անջատված մասը՝ փորձելով պարզել այդ ողբերգության կազմակերպիչներին ու դրդիչներին, սակայն երեքուկես տարվա ընթացքում որևէ առաջընթաց չկա։
Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում՝ վերաբացված գործով հստա՞կ է մեղադրյալների շրջանակը, թե՝ ոչ, այսօր միայն փոխանցեցին, որ «դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են դատավարական գործողություններ»: Հայտնի է նաև, որ դեռ տարիուկես առաջ այս նոր գործով հարցաքննվել են ինչպես հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, այնպես էլ նրա հետ բանտում գտնվող եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները՝ ընդհանուր առմամբ, մոտ մեկ տասնյակ մարդ։