Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական դպրոցներ բացել-չբացելու հարցը քննարկման փուլում է


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Կրթության նախարարը հստակ պատասխան չունի՝ կբացվե՞ն արդյոք առաջիկայում Հայաստանում ռուսական դպրոցներ։

Ժաննա Անդրեասյանը «Ազատության» հարցին ի պատասխան միայն ասաց, թե Հայաստանը ռուսական կողմին է ներկայացրել հնարավոր երկու պատկերացում։ Մեկը հայ-չինական դպրոցի օրինակն է (այս դեպքում, ընդգծենք, հիմնական առարկաները դասավանդվում են հայերեն)։

Մյուս առաջարկը կապված է ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքի հետ. - «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե այդ քաղաքացիների համար կա կրթության կազմակերպման անհրաժեշտություն։ Եվ այստեղ նաև անհրաժեշտություն կա, որպեսզի այդ քաղաքացիները հնարավորություն ունենան սովորելու այսպես կոչված ռուսական դպրոցում, որը նրանց հնարավորություն կտա նաև հետագա կրթության շարունակման»։

Դեկտեմբերին հայ-ռուսական միջկառավարական նիստից հետո աշխատանքային խումբ է ձևավորվել՝ սկզբունքը քննարկելու համար։ Ընդամենը 4 օր առաջ, սակայն, Մոսկվայում իր հայ պաշտոնակցի հետ ասուլիսում Սերգեյ Լավրովը նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ռուսերենի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և վստահորեն ընդգծեց, որ արդեն իսկ աշխատում են Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ. - «Այդ թվում դասագրքերի մատակարարման, ուսուցիչների որակավորման բարձրացման և նոր ռուսական դպրոցներ ստեղծելու նախապատատրաստությունը»։

Իսկ թե ինչ աշխատանքեր են, ո'չ ռուսական, ո'չ էլ հայկական կողմերը չեն հստակեցնում։

«Հիմա դուք ինչ տարբեր ձևերով էդ հարցը ուզում եք տաք, ես նույն բանն եմ ասելու», - այդ թեմայով լրագրողների համառ հարցերին արձագանքեց Անդրեասյանը։

Կրթության նախարարից միայն տեղեկացանք, որ համաձայնության գալու դեպքում նոր շենքեր են կառուցելու. - «Պետք է սկզբում հասկանան ինչի համար է շենքը կառուցվում, նոր հասկանալ պե՞տք է էդ շենքը կառուցել, թե՞ պետք չէ էդ շենքը կառուցել»։

Հայաստանում կրթության լեզուն հայերենն է, 2-րդ դասարանից պարտադիր դասավանդվում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն կամ որևէ այլ օտար լեզու: Հայաստանի 63 դպրոց ռուսերենով խորացված ուսուցում ունի, 45-ը՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։

Հայաստանում ռուսական դպրոցների հարցը նորից քննարկման առիթ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ելույթներցի մեկում հայտարարեց՝ Տաջիկստանում ստեղծվում է ռուսական հինգ դպրոց, և որ Հայաստանի նոր ղեկավարությունը «վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»։

Հայաստանում օտարալեզու դպրոցների հարցը կարգավորվում է 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով, ըստ որի հանրապետությունում օտար լեզվով հանրակրթական հաստատությունների առավելագույն թիվը 11-ն է։ Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը չորսն է: Այսինքն՝ միաժամանակ կարող է լինել ռուսերենով ուսուցում իրականացնող առավելագույնը չորս դպրոց։ Հայաստանում այսօր կա երեք ռուսական դպրոց։

Մինչև 2030 թվականը Հայաստանում կլինի պետական ֆինասնավորմամբ 8 բուհ

Ժաննա Անդրեասյանն այսօր ամփոփում էր իր պաշտոնավարման 100-րդ օրը։ Նախարարը հիմնականում ձեռքբերումների մասին էր խոսում ու մեկ այլ աղմուկ հանած նախագիծ՝ բուհերի միավորումը, հենց դրանց շարքում ներկայացրեց։ Նոր ռազմավարությամբ ամրագրվել է՝ մինչև 2030թ. պետք է լինի պետական ֆինասնավորմամբ մինչև 8 բուհ։ Մայիսից սկսվում է աշխատանքը, բուհերի տեղաշարժի մասին խոսելը վաղ է. - «Մի կլաստերը արվեստի կլաստերն է, որը լինելու է «Հայֆիլմի» տարածքում։ Երկրորդ կլաստերը Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է։ Էնտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը։ Եվ մենք ունենք երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, և այստեղ կարող է տեղակայվել թե' կրթական, սպայական, նաև միջազգային կամ միջպետական բուհերը»։

Թե ինչքան կարժենա ծրագիրը, ըստ նախարարի, պարզ կլինի նախագծումից հետո, փորձելու են ներգրավել մասնավոր հատվածին։ Ինչ է լինելու գործող բուհերի շենքերի հետ, դեռ չգիտեն, չեն քննարկել։

Միավորման ծրագիրը կիրականացվի փուլերով, կա մտադրություն սկսել արվեստի բուհերից։ «Հայֆիլմ»-ում, ըստ պաշտոնյայի, համերգասրահներ, կինոարդադրություն կլինի։

Գոյ թատրոնի մասին

Լայնամասշտաբ այս ծրագիրն իրականացնելուն զուգահեռ այսօր նախարարությունը լուծարում է 35 հոգանոց «Գոյ» թատրոնը՝ միացնելով Մայր թատրոնին. - ««Կներեք, ՊՈԱԿ-ը չպիտի գա ասի իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում։ Եվ պետությունն է որոշում ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները»։

Փոքր թատրոնի անարդյունավետ աշխատանքի մասին ակնարկող նախարարին հիշեցրեցինք խաղացանկը՝ Օրուելի «Անասնաֆերման», «Գարեգին Նժդեհ»։ Արտիստներն ավելի վաղ պնդել էին, որ հենց Նժդեհից սկսվեց այս իրարացումը։ Անդրեասյանն արձագանքեց. - «Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում»։

Կրթությունը, գիտույթունը, սպորտն ու մշակույթը ամենաշատ քննադատվող ոլորտներ են, սակայն մեկ ժամ ընթացող ասուլիսի ընթացքում Անդերասյանը նախընտրեց խոսել հիմնականում ձեռքբերումների մասին՝ 8 էջանոց մամլո հաղորդագրոթյունն էլ հագեցած էր թվերով՝ ում ինչքան գումար են հատկացրել։

XS
SM
MD
LG