Մատչելիության հղումներ

«Պսևդո, կամ՝ ոչ պսևդո սկանդալ»՝ արար երկրորդ․ Ոստիկանություն-«Սիլ Ինշուրանս» գործարքի կոռուպցիոն ռիսկերը


Չնայած Ներքին գործերի նախարարության ու անձամբ նախարարի հավաստիացումներին, թե Ոստիկանությունը օրինական ճանապարհով է ավտոմեքենաներն առանց մրցույթի ապահովագրել «Սիլ Ինշուրանսում», փաստերը հակառակն են պնդում։

Ավելին, «Ազատության» հարցումներից պարզ դարձավ, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ։

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությունը» հաղորդեց, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ Ինշուրանսին»՝ առանց մրցույթի։ Իշխանության հետ փոխկապակցված այդ ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։

Վարչապետը այդ հրապարակումները «պսևդո, կամ՝ ոչ պսևդո սկանդալ» որակեց՝ կառավարության նիստում պահանջելով պարզաբանումներ։

Ներքին գործերի նախարարը հավաստիացրեց՝ ամեն ինչ եղել է օրինական։

Ներքին գործերի նախարարը հավաստիացրեց՝ ամեն ինչ եղել է օրինական։
please wait

No media source currently available

0:00 0:00:26 0:00

Վահե Ղազարյանը չկարդաց այդ ենթակետերը: Իսկ դրանք (տե՛ս՝ Գնումների գործարքի կազմակերպում՝ 4-րդ բաժին 18-րդ կետ) սահմանում են, որ կառավարությունը կարող է մեքենաների ապահովագրությունը մեկ անձից գնման ձևով՝ առանց մրցույթի, իրականացնել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սահմանած պահանջներին ու նվազագույն սակագներին համապատասխան մեքենաների ապահովագրման»՝ ԱՊՊԱ-ի դեպքում։

Մինչդեռ, Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» տված պաշտոնական պարզաբանումը փաստում է, որ Ոստիկանությունը «Սիլ Ինշուրանսի» հետ կնքել է ոչ միայն ԱՊՊԱ, այլև ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր՝ վճարելով մոտ 300 հազար դոլար։

ՆԳՆ պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Իրականում, այս երկու ապահովագրատեսակների միջև էական տարբերություն կա․ ԱՊՊԱ-ի գինը ֆիքսված է համակարգի հիմնադրման առաջին օրից՝ արդեն մոտ տասը տարի։ Այդ սակագինը սահմանվում է Ապահովագրողների բյուրոյի, հաստատվում Կենտրոնական բանկի կողմից և անփոփոխ է դաշտում գործող բոլոր ընկերությունների համար։ Ուստի տրամաբանական է, որ այս ոլորտում մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն կառավարությունը չի տեսել և հնարավորություն է տվել ԱՊՊԱ-ի ապահովագրումն անել մեկ անձից գնման եղանակով։

ԿԱՍԿՈ-ի դեպքում, մինչդեռ, շուկան ազատ է, ապահովագրող ընկերությունները մեկը մյուսից տարբեր պայմաններ ու սակագներ են առաջարկում։ ԿԱՍԿՈ-ի մասով օրենսդրական որևէ նորմ կամ կետ արտոնություն չի տալիս հաղթողին որոշել առանց մրցույթի, ասում է գնումների մասնագետ Արմինե Բուռնազյանը, հավելելով․ « Մեկ անձի կիրառումը , օրկնակ՝ ԿԱՍԿՈ-ի դեպքում, երբ կա մրցակցություն, կասկածների տեղիք է տալիս»։

«Ազատությունը» դիմեց Ոստիկանությանը՝ խնդրելով պարզաբանել՝ օրենքի կամ կառավարության որոշման ո՞ր դրույթով են առաջնորդվել ԿԱՍԿՈ ապահովագրությունն առանց մրցույթի «Սիլ Ինշուրանսին» պատվիրելիս: Նախարարությունը մեջբերել է օրենքի ու կառավարության որոշման նույն ենթակետերը, որոնք, սակայն, բացառություն են սահմանում միայն ԱՊՊԱ տեսակի, ոչ թե ԿԱՍԿՈ-ի համար։

Պաշտոնական պարզաբանումներում կա ևս մեկ հակասություն

Ներքին գործերի նախարարությունը, «Ազատությանը» տված պարզաբանման մեջ պնդում է, թե «Սիլ Ինշուրանսը» ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար մյուսներից ցածր գին է առաջարկել: «Ազատությունը» նախարարությանը հարց է ուղղել՝ «եթե ԱՊՊԱ-ի սակագինը ֆիքսված է, ինչպե՞ս է «Սիլ Ինշուրանսը» մյուսներից ավելի շահեկան առաջարկ արել»: Նախարարությունից հստակ չեն պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել Հայաստանի ապահովագրողների բյուրոյին ու «Սիլ Ինշուրանսին»:

Նախարարության պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիլ Ինշուրանսից» «Ազատությանը» պաշտոնապես հայտնեցին՝ Ոստիկանությունն իրենցից ԱՊՊԱ-ի գին ընդհանրապես չի հարցրել։

«2022-ի հոկտեմբերին համապատասխան պետական մարմինը դիմել է միայն ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի գծով գնառաջարկի ներկայացման համար», - «Ազատությանը» հայտնել է ընկերության գործադիր տնօրենը:

Ընկերության պատասխանից հատված ներկայացնում ենք ստորև, ամբողջական պատասխանը տե՛ս այստեղ․

«Ազատության» հարցմանն ի պատասխան ոլորտում աշխատող մյուս ապահովագրական ըներությունները ևս հայտնել են, որ իրենք Ոստիկանությանը ԱՊՊԱ-ի սակագին չեն առաջարկել:

«ԱՊՊԱ սակագները սահմանված են Բյուրոյի կողմից, և Ընկերությունը իրավունք չունի առաջարկել դրանից տարբերվող այլ սակագներ», - «Ազատության» հարցմանն ի պատասխան գրել են «Ինգո» ընկերութունից:

Մինչդեռ ՆԳՆ նախարարը կառավարության նիստում նրանց՝ իբրև թե ներկայացրած առաջարկների համեմատական թվեր էր հրապարակում, պնդելով, թե ԱՊՊԱ-ի դեպքում «Սիլ Ինշուրանսը» 2,5 միլիոն դրամ ցածր գին է առաջարկել։

Ի տարբերություն Ներքին գործերի նախարարի, նույն նիստում Կենտրոնական բանկի նախագահն ու Քննչական կոմիտեի ղեկավարը փաստել էին, որ ԱՊՊԱ-ի դաշտում մրցակցություն չկա։ Նրանցից որևէ մեկը, սակայն, հարց չբաձրացրեց՝ ինչպե՞ս է բոլորի համար դրա գինն անփոփոխ, իսկ Ոստիկանության համար՝ սակարկելի։

«Ազատությունը», հետևելով Ոստիկանության հորդորին, նաև Ապահովագրողների բյուրոյից է հետաքրքրվել՝ կարո՞ղ էր ֆիքսված սակագնի դեպքում «Սիլ Ինշուրանսը» մյուսներից ցածր գին առաջարկել։ Բյուրոյից արձագանքել են՝ նման իրավունք «Սիլ Ինշուրանսը» չուներ։

Բյուրոյից միաժամանակ տեղեկացրել են, որ ուսումնասիրելով «Ազատության» դիմումում մատնանշված տեղեկությունները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կողմից պետական մարմնին ներկայացված գնառաջարկները՝ «Սիլ Ինշուրանսի» նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որն այժմ ընթացքի մեջ է։

Պարզաբանումը նաև՝ ստորև․

Եթե պարզվի, որ եղել է անբարեղիճ մրցակցություն, ընկերությունը կարող է տուգանվել, բայց Ոստիկանության հետ կնքված կես միլիոն դոլարի պայմանագիրը կմնա ուժի մեջ։

Քննչական կոմիտեի նորարարությունը

Ի դեպ, կառավարության նույն նիստում վարչապետը հետաքրքրվեց՝ մյուս կառույցներն ինչպե՞ս են այս հարցը որոշում։ Քննչական կոմիտեի ղեկավարը ներկայացրեց իրենց նորամուծությունը ՝ հարուցելով ոչ միայն իր, այլև վարչապետի ժպիտը:

«Մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- ասել էր Արգիշտի Քյարամյանը։

Արգիշտի Քյարամյանը, սակայն, չհստակեցրեց`ինչ սկզբունքով կամ որ այբուբենով են Քննչական կոմիտեում առաջնորդվել նախորդ երեք տարիներին․ 2018-ից մինչև 2021-ը պետական այս կառույցը ևս ԱՊՊԱ-ի պայմանագիր է կնքել Ս-ով սկսվող «Սիլ Ինշուրանսի» հետ, և միայն անցած տարի է «Սիլը» փոխարինել «Արմենիա ինշուրանսով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG