Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատարանը կողմերից ապացույցներ պահանջեց


Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով այսօրվա դատական նիստին դատավորն, ըստ օրենքի, որոշեց կողմերից յուրաքանչյուրի գործողությունները, ըստ որի, երրորդ նախագահի ներկայացուցիչները պետք է ապացուցեն, որ իշխանական պատգամավորը խորհրդարանի բարձր ամբիոնից տվյալներ է ներկայացրել, որոնք վնաս են հասցրել Սերժ Սարգսյանի պատվին ու արժանապատվությանը։

Պատասխանող կողմը, իր հերթին, պետք է ապացուցի, որ նախկին նախագահի մասին Խաչատուր Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փաստեր բերի, որ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը առաջնորդվել է հանրային շահով։

Դատավոր Սերգեյ Սահակյանը մանրամասնեց․ - «Բոլորս լավ գիտենք՝ «երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է։ Այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, այն վերացական չէ, դա մի փաստ։ Որպես փաստի ապացուցման պարտականություն կրում է հայցվոր կողմը»։

Նախկին նախագահը գործարար պատգամավորին դատի էր տվել ամիսներ առաջ, երբ վերջինս խորհրդարանում հայտարարեց, թե Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։ Սերժ Սարգսյանը հիմա այս խոսքերի հերքում և 1 միլիոն դրամ է պահանջում՝ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար։

Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունից հետո «Փաստերի ստուգման հարթակն» էր հետաքննություն անցկացրել, ըստ որի նախագահական ինքնաթիռը Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին տասնյակից ավելի չվերթներ է կատարել դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն անցած դատական նիստին լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ նախագահը եղել է այդ քաղաքում. օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից՝ իր արձակուրդն է անցկացրել։ Կազինոներ այցելելու մասին պնդումը հերքել է ինչպես փաստաբանը, այնպես էլ անձամբ Սերժ Սարգսյանը։

Այսօրվա դատական նիստին, որին ոչ իշխանական պատգամավորն էր ներկա, ոչ էլ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահի փաստաբաններն իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատավորի որոշման այն հատվածին, ըստ որի իրենք պետք է ապացուցեն, որ Սուքիասյանի արտահայտությունը սեփական դատողությունը չէ։ Փաստաբան Վահագն Գրիգորյանը դատարանում Սուքիասյանի արտահայտությունը որակեց հերքման ենթակա։

«Ցավալի է նաև այն, որ Ազգային ժողովի պատգամավորը կարծում է, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է ինչ-որ ժամանակ ասել, նույնը կարող է ասել նաև ինքը՝ առանց փաստարկներ իմանալու: Սակայն, ամեն դեպքում, մենք պնդում ենք, որ արտահայտությունն իր բնույթով և օբյեկտիվորեն հանդիսանում է փաստացի տվյալ, գնահատողական դատողության մասին խոսք լինել չի կարող, ապացուցման բեռը պետք է բաշխվի այն տրամաբանությամբ, որ քննարկվող արտահայտությունը փաստացի տվյալ է», - ասաց Գրիգորյանը:

Նախկին նախագահի մյուս փաստաբան Ամրամ Մակինյանը, լսելով իշխանական պատգամավորի փաստաբանի պատասխանը, կարծիք հայտնեց, որ նրանք չեն կարող ապացուցել իրենց պնդումները. «Պատասխանողի ներկայացուցչի խոսքից հասկացա այնպես, որ «մենք չենք պատրաստվում փաստարկել և ապացույցներով ապացուցել դատարանին և կողմին ասածների ճշմարտացիությունը, քանի որ այդպիսի ապացույցներ չունենք, չեն կարող ներկայացնել, կատարել ենք գնահատողական դատողություններ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»:

Իշխանական պատգամավորը, մինչդեռ, մի քանի անգամ է խոսել այս մասին և ամեն անգամ պնդել, թե հիմքեր ունի։ Անգամ շեշտել է՝ ինքը ավելի քիչ գումար է նշել, որպեսզի ավելի ապացուցելի լինի իր ասածը։ Նրա փաստաբան Աննա Տոնոյանը այսօր էլ պնդեց՝ Սուքիասյանը փաստերի հիման վրա իր գնահատողական դատողությունն է արել։

«Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունների հիմքում ընկած է եղել բավարար փաստական կազմ, որի հիման վրա նա արել է գնահատողական դատողություն», - ասաց Տոնոյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այս գործով պատասխանող է նաև Ազգային ժողովը, որի ներկայացուցիչը դատարան չէր եկել։ Հաջորդ նիստը մարտի 18-ին է։

XS
SM
MD
LG