Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:
Միջնորդությունը քննվել է ոչ թե նշանակված հերթական դատական նիստի ընթացքում, այլ պաշտպան Միքայելյանի դիմումի հիման վրա՝ դեռ նոյեմբերի 29 -ին։
Ռոբերտ Սուքիասյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ամռանը Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի ժամանակ Միացյալ Նահանգների մի քաղաքացի էր հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում:
«Մենք ոչ թե ասում ենք կրակոց Ռոբերտ Սուքիասյանը չի արձակել, այդտեղ չի գտնվել, մենք ասում ենք՝ ոչ, էդ ամեն ինչը, ինչը դուք ասում եք, մոտավորապես էդպես եղել ա, բայց էն, որ իրա արարքը խուլիգանություն ա, մենք դրա հետ համաձայն չենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրել միայն ծայրահեղ դեպքերում։ Նա տարօրինակ է համարում, սակայն, որ այս պրակտիկան առավելապես կիրառվում է, երբ իշխանավորները կամ նրանց մերձավորներն են անցնում քրեական գործերով. -
«Մնացած բոլոր պարագայում՝ թե' Ալեն Սիմոնյանի հետ կապված իրադարձություններին որևէ պատասխան արձագանք չեղավ, քրեական գործ չեղավ, պատասխանատվություն չեղավ, թե' Հակոբի Արշակյան միջադեպը լրագրողի հետ կապված, ու էլի բազմաթիվ դեպքեր... պրոիշխանական պատգամավորները, կամ պրոիշխանական մտերիմները առանձնապես պատասխանատվության չեն ենթարկվում։ Էդպես է աշխատել համակարգը, համակարգը պատրաստ է շարունակել աշխատել նույն ուղեծրի մեջ։ Խնդիրը նրանում էր, որ մենք մերժել էինք, հանրությունը մերժել էր այդ համակարգը, մերժել էինք էդ խաղի կանոնները։ Բայց ենթադրում եմ, որ իշխանություններին, անկախ նրանից, թե ով է իշխանության, շատ ձեռնտու է ունենալ էդպիսի հնազանդ համակարգ, որը կծառայի հենց կոնկրետ իշխանությանը»։
Սուքիասյանն ի սկզբանե կալանավորվել էր, ապա գրավով ազատ էր արձակվել։ Բայց այս որոշումը դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Ու մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, որտեղ էլ դատավոր Կարեն Ֆարխոյանը անդրադարձել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցին ու գրավ կիրառել։
Իրավաբան, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրավ կիրառելու մասին դեռ առաջին որոշման ժամանակ բժիշկ, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի և ոչ իշխանական հայացքներ ունեցող այլ գործիչների անուններ էր հնչեցնում ու հարց բարձրացնում՝ ինչո՞ւ հենց իշխանական պատգամավորի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, մյուսների դեպքում մերժվեց. - «Անհասկանալի է այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, իսկ այլ դեպքում մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված։ Ես ասեմ անկեղծ իմ կարծիքը. անկախ անձը իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմության ներկայացուցիչ է՝ կալանավորումը չպետք է ֆետիշացվի։ Հենց գրավ կիրառելն է նորմալը, ոչ թե նորմալը կալանավորումն է, իսկ բացառությունը գրավը»։
Այս հարցի շուրջ Խաչատուր Սուքիասյանից արձագանք ստանալ չհաջողվեց։ Միջադեպից անմիջապես հետո իշխանական պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «անկախ մարդու ով լինելուց, Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար են»։
Սուքիասյանի փաստաբանը հորդորում է չընդհանրացնել բոլոր գործերը. - «Ամեն գործ իրա յուրահատկությունն ունի, իրա նրբություններն ունի, իրա մոտեցումներն ունի»։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021 հունվարի 1-ից սկսած ավելի քան 1700 կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան և դրանից մերժվել են միայն շուրջ 300-ը։ Կալանքը բավարարելու հիմնավորումը մեծամասամբ նախաքննության վրա ազդեցություն ունենալն է։ Իշխանության առանցքային դեմքերից մեկի եղբայրը, սակայն, մաս չի կազմում 80 տոկոսից ավելի այն դեպքերի, երբ դատարանը որոշել է, որ քաղաքացին կարող է ազդել քննության վրա։