Նախագահ Զելենսկին պնդում է, թե չնայած դժվարություններին` ուկրաինական բանակը Արևմուտքի օգնությամբ կարող է տապալել ռուսական ագրեսիան: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումից հետո, որտեղ արևմտյան երկրները քննարկում են, թե ինչ օգնություն են տրամադրելու Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար:
«Կայացել է ևս մեկ հանդիպում Ռամշտայնի ձևաչափով, արդեն տասներորդը։ Մեր զինվորների զինամթերքը, հրետանին, տանկերը, Ուկրաինայի երկնքի պաշտպանությունը՝ այս ամենը քննարկվել է, լուծում կա։ Շնորհակալություն ԱՄՆ-ին, որը համակարգում է Ռամշտայնը։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին օգնությունը շարունակելու պատրաստակամության համար», - ասել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն իր հերթին պնդել է, թե Ռուսաստանում զենքը սպառվում է, Մոսկվան կորցնում է ընկերներին, մինչդեռ հակապուտինյան կոալիցիան ընդարձակվում է և ամրապնդվում:
Թերևս հակառակն ապացուցելու համար Կրեմլը երեկ Մոսկվա էր հրավիրել արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի նախագահին: Պուտինի հետ հանդիպմանը Բաշար Ասադը ընդգծել է, որ ամբողջությամբ աջակցում է Ռուսաստանին այս պատերազմում։
«Ուզում եմ Ուկրաինայում պատերազմից հետո այս առաջին այցի առիթով թարմացնել Սիրիայի դիրքորոշումը՝ մենք աջակցում ենք Ռուսաստանին նոր և հին նացիստների դեմ այս պատերազմում», - ասել է Սիրիայի նախագահը։
Ավելին, Մոսկվայում Ասադը նաև հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի բռնակցված նոր շրջանները որպես Ռուսաստանի մաս։
Ու մինչ Ասադը իր շնորհակալությունն ու աջակցությունն էր հայտնում Ռուսաստանի նախագահին, Պենտագոնի ղեկավարը երեկ երեկոյան Ռամշտայնի ձևաչափով հանդիպումից հետո կրկին հավաստիացրել է, որ Արևմուտքը կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի. - «Այժմ Ուկրաինային կտրամադրվեն հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև տանկեր, որոնք շուտով կհայտնվեն Ուկրաինայի մարտական դիրքերում: Ուկրաինացի զինվորների վերապատրաստման շնորհիվ մենք առաջիկայում գործողություններ կտեսնենք մարտի դաշտում»։
Ուկրաինական զորքերի հակահարձակումը կարող է սկսվել արդեն մայիսին, կարծում է ամերիկյան Politico ն՝ հիմնվելով ամերիկյան աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա։ Նշվում է, որ Կիևի ղեկավարությունը դեռ չի որոշել հակահարձակման ռազմավարությունը, սակայն կա երկու տարբերակ. առաջին դեպքում հարձակում դեպի հարավ՝ Խերսոնով դեպի Ղրիմ, երկրորդ սցենարը ներառում է հյուսիսից դեպի արևելք, հետո հարավ։
Politico-ի աղբյուրներն ավելի իրատեսական են համարում երկրորդ տարբերակը, քանի որ ռուսական բանակը ուժեղացրել է պաշտպանությունը Դնեպր գետի արևելյան ափին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չունեն բավարար կենդանի ուժ հաջող դեսանտային գործողության համար։
Միևնույն ժամանակ, պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինտիտուտի փորձագետները պնդում են, թե Ռուսաստանի հարձակողական գործողությունների տեմպը ընկել է, այդ թվում` Բախմուտի մերձակայքում, ենթադրաբար` լուրջ կորուստների պատճառով: Ամերիկացի վերլուծաբաննների կարծիքով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ ուկրաինական զորքերը, չնայած կորուստներին, կկարողանան վերցնել նախաձեռնությունը ռազմի դաշտում։ Նախօրեին Զելենսկին կրկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Բախմուտը չի թողնելու։
Պատերազմն արդեն մեկ տարուց ավելի է տևում, Արևմուտքը շարունակ պնդում է, թե Պուտինն այս պատերազմում չպետք է հաղթի, պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի դեմ գործում են աննախադեպ պատժամիջոցներ, Ռուսաստանը գրեթե կորցրել է եվրոպական շուկան իր էներգակիրների համար, սակայն նախագահ Պուտինը շարունակում է հայտարարել, թե Ռուսաստանը չի տուժել։
Հակառակը, նրա խոսքով. - «Ռուսաստանի տնտեսությունը սկսում է զարգանալ նոր մոդելով, դրական միտումները թափ են հավաքում։ 2023 թվականին մենք կունենանք թիրախային գնաճ՝ ավելի ցածր, քան եվրագոտու այն երկրներում, որ անվերջ սպասում են մեր փլուզմանը։ Ամերիկացի գրողներից մեկն ասել է, թե նրա մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նույնը մեր տնտեսության դեպքում է»։
Ռուսաստանցի գործարարների հետ հանդիպմանը Պուտինը խորհուրդ է տվել արագ զբաղեցնել Ռուսաստանից հեռացած արտասհամանյան ընկերությունների տեղը, այլապես, նրա խոսքով, հեռացածներից ոմանք կցանկանան վերադառնալ։