Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Հայաստանում շատ հաճախ գործատուն և գործ փնտրողներն իրար չեն գտնում


Հայաստանում գործատուն ու գործ փնտրողները շատ հաճախ իրար չեն գտնում։ Աշխատանք չունեցողներն ասում են՝ պայմաններից են դժգոհ, աշխատատեղ առաջարկողները, թե՝ որակով մասնագետ չկա։

Դիլիջանում բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպության տնօրեն Հրանտ Դանդուրովն ասում է՝ հատկապես սպասարկման ոլորտում աշխատատեղեր են ունենում անհամեմատ բարձր աշխատավարձով, բայց աշխատող չեն գտնում։ Երբեմն նույնիսկ մասնագիտական հմտություններ պետք չեն լինում, միևնույնն է՝ դժվարությամբ են դիմում։

«Փորձում են գտնել ավելի թեթև, հեշտ աշխատանք»

«Չեն գալիս, խնդիրը հենց դրանում է, որ ցանկացողները քիչ են, կամ փորձում են գտնել ավելի թեթև, հեշտ աշխատանք․ երիտասարդ, ուժեղ տղաները գալիս են, ասում են՝ «ուզում ենք նստած՝ օֆիսում նստենք աշխատենք»։ Ասում եմ՝ «ի՞նչ գիտելիք, ի՞նչ փորձ ունես», ասում են՝ «ոչինիչ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դանդուրովը։

Կազմակերպության տնօրենի պաշտոնին հասած Դանդուրովը հակադարձում է պատճառաբանություններին, թե առաջարկվող աշխատավարձը հաճախ ցածր է։ Նշում է՝ երիտասարդ տղայի 6 աշխատատեղ ունեն՝ 150 հազար դրամով։

«Ես, օրինակ, կերազեի 20-25 տարեկանում, 300 դոլարից ավելի է ստացվում, ես էդքան չէի ստանում», - ասաց Դիլիջանում բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպության տնօրենը։

«Երիտասարդները հաճախ իրենց չսիրած մասնագիտությունն են ընտրում»

Դեռ երիտասարդ տարիքում մեծ ձեռքբերումների հասած դիլիջանցի Զեփյուռ Սիրադեղյանի խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները հաճախ իրենց չսիրած մասնագիտությունն են ընտրում, չնախընտրած բուհի դիպլոմ ստանում, քանի որ ծնողները կամ ուսուցիչներն են այդպես ցանկանում։

Զեփյուռ Սիրադեղյան
Զեփյուռ Սիրադեղյան

«Ես էդ խնդրի առաջ բախվել եմ իմ տարիներին, որ քո դասղեկն է եղել, գնա մոտը պարապի, որ ասում է, մի բան գիտի։ Ծնողներն իրենք են փորձում չլարել հարաբերությունները ուսուցչի հետ», - ասաց Զեփյուռ Սիրադեղյանը։

Խնդիրը մեծ է նաև Լոռու Ալավերդիում

Խնդիրը մեծ է նաև Լոռու Ալավերդի քաղաքում, որտեղ տասնամյակներ շարունակ պղնձաձուլարանն ու կարի ֆաբրիկան են հազարավոր աշխատատեղեր ապահովել։ Դրանց փակվելուց հետո նոր մասնագիտություններ սովորելուն, այլ աշխատանք անելուն մարդիկ պատրաստ չեն, ասում է Ալավերդիում գործող «Հեբա» ՀԿ ղեկավար Մարիաննա Պեպանյանը։ Իրենք էլ հաճախ աշխատողի կարիք են ունենում, բայց պատի են բախվում:

«Երբ մենք առաջարկում ենք գալ, կամավորություն անել, ինչը կտա երիտասարդներին փորձ, թիմում աշխատելու կարողություն, գիտելիքներ, պրակտիկա, երիտասարդները հրաժարվում են, սակայն համոզված եմ, որ անփորձ հոգեբանի մոտ որևէ մարդ չի վճարի և չի գնա խորհրդատվության», - ասաց Պեպանյանը։

Մարիաննա Պեպանյան
Մարիաննա Պեպանյան

Ալավերդցի Զառա Խաչիկյանը մանկավարժ-հոգեբանի դիպլոմն ստանալուց հետո որոշ ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել։ Ասում է՝ չի հաշտվել անաշխատանք կյանքին։ Այլ՝ տուրիզմի ոլորտում է ուժերը փորձել։ Ընդ որում չի հրաժարվել նաև կամավոր աշխատանքից։ Այսօր արդեն նաև իր մասնագիտությամբ բարձր վարձատրվող աշխատանք ունի։

«Սկզբանական փուլում որպես կամավոր էի աշխատում, իրականացնում էի մշակութային էքսկուրսիաներ, արշավներ ու արդեն կամավորական աշխատանքի ընթացքում ձեռք բերեցի հարուստ փորձ, ինչն ինձ հնարավորություն տվեց արդեն աշխատել որպես էքսկուրսավար, ինչը հնարավորություն տվեց և՛ գումար աշխատել, և՛ զբաղվել սիրած աշխատանքով», - ասաց Խաչիկյանը։

Զառա Խաչիկյան
Զառա Խաչիկյան

«Սպասում են, որ ինչ-որ մեկը զանգի ու ասի՝ քո համար գործ ունեմ»

Գերմանացի Ռիկարդո Բերգմանը ևս Հայաստանում կարողացել է աշխատանք ունենալ։ Սկզբում սրճարանում է աշխատել, հետո իր սեփական բիզնեսը սկսել։ Հիմա նաև ծրագրավորման գործ է անում։

«Բողոքում են, որ գործ չկա, աշխատանք չկա, բայց ինձ թվում է, որ Հայաստանում գործ կա, սպասում են, որ ինչ-որ մեկը զանգի ու ասի, որ քո համար գործ ունեմ», - նկատեց Բերգմանը։

Ռիկարդո Բերգման
Ռիկարդո Բերգման

Բոլոր գործատուները միաբերան ասում են՝ բոլոր այս խնդիրները լուծելու համար Հայաստանում կրթական բարեփոխումներ են պետք ու շատ արագ։

Ինչո՞ւ Հայաստանում շատ հաճախ գործատուն և գործ փնտրողներն իրար չեն գտնում
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG